Այս էջը հաստատված է

երևակայություններու ետևե վազող ու ծաղիկի մը թոթափումեն ու թռչունի մը գեղգեղեն կը դողդղար, կը սարսռար, կարծես էլեկտրական հոսանուտե մը ազդվելով սաստկապես։

Կյանքին մեջ տակավին դպրոցի երես չէր տեսած. ծնողքը կը վախնային իրենց փափկամաբմին զավակը զրկել այդ գոռ ու աղմկալից տուները, ուր անպատճառ կը մեռներ, կը մտածեին, Տիրան։ Չէ՛, անկարելի բան էր, դպրոց չպիտի ղրկեին երբեք Տիրանը· հապա եթե չարչրկեի՞ն զայն ստամբակներն որոց չարաճճի վազվռտուքներն ու անողորմ կզվըռտուքները կը տեսնեին ամեն օր լերան ցից ու դերբուկ կողերուն վրա. խենդանալիք բան էր:

— Տարիքը լենա նե, կըսեր մայրը շոյելով իր զավակին սև տաթի նման մազերը, դասատու մը կը բռնենք, թող կամաց կամաց սորվի Տիրանս։

— Հա՞րկավ, կը հավելուր հայրը, անուշ նայվածքով մը։

Եվ Տիրան տարի մը ետքը պիտի ունենար իր դասատուն։

Բայց քանի զարգանար այդ դյուրաբեկ բնավորությունը, քանի զորանար անոր զգայությունը, ձանձրույթի պես բան մը ծնունդ կառներ անոր մեջ, կյանքի միօրինակության ձանձրույթը որ կամաց կամաց կը սպրդի սրտին մեջ, հետզհետե կը ծավալի, անզգալաբար կը համակե էությունն համբուն և ի վերջո հանկարծ երևան կուգա, կը բռնկի, հրաբուխի մը պոռթկումին պես որ աստիճանական բորբոքումե մը առաջ կուգա։

Բայց պարագա մը եկավ վերջ դնել իրեն սպառնացող այս ձանձրույթին։

Տիրանին մորեղբայրը, հարուստ արհեստավոր մը, բարեբաստ գաղափար մը հղացած էր․ ագարակ մը դնել ի Ջիլիֆտար, Ալիպեյքոյ ուր ընդարձակ արոտատեղիներ կան կանաչագեղ և ջրոռոգ։ Պատանեակը ուրախությունեն ոստոստաց երբ այս լուրն առավ և անվերջ թախանձանքներ սկսավ ընել իր մորեղբոր։

Մարդը, որ նմանապես սաստիկ կը սիրեր տեղի տվավ անոր ստիպումներուն և ապրիլ ամսվան մեջ գնեց փոքր ագարակ մը որ կը գտնվեր լերան մը ստորոտը.