Այս էջը հաստատված է

երիտասարդին շփոթությունն և հելլենուհիին պարզամտությունը կը մատնվեին։ էլենա որ հանդարտ չէր կրնար կենալ, առաջարկեց բռնվուք խաղալ։ Պատանյակը վարանումով ընդունեց, և խոլական վազք մը սկսավ հոն, որում Տիրան չկրցավ թռնել արագասլաց էլենան, որ, երբ իր կարգն եկավ, անմիջապես բռնեց զայն։

Ձանձրացան վազելեն։ Հանգիստ առին և տուն դարձան։ Մայրիկը նորեն կը սպասեր դրան վրա իր որդուն։ Տիրան հևալով խնդալով պատմեց իրենց զբոսանքն և խնդրեց որ շատ մնան այդ աղվոր տեղը։

Մայրը հավանություն տվավ, բայց պատվիրեց որ շատ չվազվռտեն։

Ա՛լ անկից ետք ամեն օր, Տիրան ու էլենա, առտըվընե մինչև իրիկուն միատեղ կը զբոսնեին, լեռներն ու անտառները կը պտտեին, անհուն երջանկություն զգալով իրարու ընկերակցութենե։

Զավակասեր մայրն, որ կույր վստահություն մը ուներ իր որդուն վրա, բնավ միտքեն չէր անցըներ արգելք ըլլալ անոր այդ երանագեղ կենցաղին, որ արդեն վճիտ ու մաքուր կերևեր իրեն։ Կը թողուր որ այդ հույնին զվարթ աղջկան հետ անցնե անիկա իր օրերը, քանի որ կը տեսներ անոր՝ հետզհետե առույգանալը, բազմանալն զգալապես։

Իրենց ուտեստին համար պետք եղածները Տիրան ամեն օր կերթար կը գներ տեղվույն հույն նպարավաճառեն, խոշոր գեր մարդ մը, թթված դեմքով ու խեռ բնավորությամբ, իր հետ ունենալով միշտ էլենան, որուն ի տես նպարավաճառին աչվըները աղետալի փայլով մը կը վառեին։ Աղջիկն անոր հետ կիյնար, և զարմանալի բան, որ նպարավաճառը բնավ ձայն ձուն չէր հաներ, ընդհակառակը կարծես հաճույք կը զգար էլենային այդ պչրական խաղերեն։ Եթե Տիրան ուշադրությամբ նայեր «պախալ»–ին—ինչպես կը կոչեին իրենք—երեսը՝ ատելության դառն արտահայտություն մը պիտի նշմարեր հոն։

Հունիսն, հուլիսն, օգոստոսն անցան այսպես զվարթ ու խնծղալից, պայծառ արևին տակ ու կենսաբույր կանաչին վրա։ Բայց երկնքին վճիտ կապույտին վրա սկսած Էին երևիլ