Այս էջը հաստատված է
ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀԻՆ

Նավակայքին դիմացը, տանիքը՝ փողոցին պատին ուղղությամբը վերջացող խցիկի մը մեջ կը լվար Սուրբիկ աղտոտ, սևցած լաթերը զորս շաբաթը երկու անգամ կը ժողվեր՝ ընտանեզուրկ նավավարներե, ձկնորսներե, մոտակա փուռին գործավորներեն, գիշերները անկյունի խահվեն պառկող գավառացի պտղավաճառներն ու նավակայքին վրայի նեղ խուցերուն մեջ բնակող նավավարներեն։ Չարաչար կաշխատեր խեղճ աղջիկը մինչև իրիկուն թակույկին վրա կորաքամակ, թևերը մինչև արմունկները սոտթած, թնճուկ մազերը, որք թերևս սանտր բնավ տեսած չէին, ճակտեն մինչև ուսերուն վրա խռիվ խռիվ, ցիրուցան, շապիկին ճեղքեն ցուցնելով նիհար՝ կրակին տաքությունեն պղնձագույն դարձած լանջը, որ տխուր հևքով մը շարունակ կելներ կիջներ։ Ձեռքի տենդոտ շարժումներով կը ծեծեր, կաճըռեր լաթերը, անոնց աղտը հանելու մոլեգնությամբ մը համակված։ Միս մինակ կապրեր Սուրբիկ, հայրը մեռած ըլլալուն և մայրն ալ, հակառակ աղջկանը կամքին, նորեն ամուսնացած ըլլալուն՝ նավամատույցին վրա բիլավ ծախողի մը հետ։

Սուրբիկ առեր քալեր էր մորը տունեն ու երկու երեք օր ասդին անդին անոթի պտտելեն ետքը այդ խցիկին մեջ մտած էր և քիչ ատենեն բավական հաճախորդ ձեռք էր ձգած։

Աղտոտության հաղթելու այդ գործողության մեջ սփոփանքի և զբոսանքի պես բան մը կը գտներ մանկամարդ լվացարարուհին, թակույկին մեջ լեցվող աճառին սպիտակ փրփուրները հաճոյական տեսք մը կը ընծայեին իր սևուկ աղվոր աչվըներուն,