Գիշերը է պառկած ատենը, ակռաներուն մեջեն Սուրբիկ կամացուկ մը փսրտաց
— Հուսեփին լաթերն ալ ես պիտի վլամ։
Այն գիշերը երազեց թե Հուսեփին լաթերը կը լվար և անանկ կը ճերմկցներ որուն նման մինչև այն ատեն ոչ մեկան լաթը ճերմկցուցած չէր։
Առտուն կանուխ արթնցավ և լվացքի կարգադրությունները ընելե ետք նավակայքը վազեց։ Հուսեփ նոր ելած էր և ծովին ջուրովը երեսն ու կուրծքը կը լվար։ Լվացարարուհին երկչոտ քայլերով ներս մտավ և աչք ըրավ ծերունի նավավարին որ լվացքի մասին խոսի երիտասարդ ձկնորսի հետ։
Ծերունին ըսավ․
— Ծո՛, Հուսեփ, աղտոտներդ ասկե ետքը ասոր տուր, հեմ աղեկ, հեմ աժան կը վլա։
Երիտասարդը իր շապկին ծայրովը սրբվելով հանդերձ, Սուրբիկը դիտեց, անոր թուխ աչվըներուն մեջ մխրճեց իր կրակոտ նայվածքը, ու թեթև ժպիտով մը ցուցնելով իր ճերմակ ակռաները ըսավ․
— Բեք աղեկ, վաղը առտու եկու տե առ։
Սուրբիկ լվացարանը դարձավ ուրախ զվարթ․ այն օրը մինչև իրիկուն երգ մը մրմռալով լվաց լաթերը, սովորականէն ավելի աշխուժով ու հոգածությամբ մաքրեց զանոնք, փրփուրը ավելի շատ և ավելի թանձր հանելով։
Հաջորդ առտուն մութնուլուսուն նավակայքին խուցը վազեց Սուրբիկ, ճակտին վրայի խառնիխուռն մազերը կրցածին լափ շտկած, շապկին կուրծքը ամոթխածությամբ գոցած։
Հուսեփ հին ուռկաններ կարկտելու զբաղած էր, երբ աղջկան ներս մտնելը տեսավ, ուրախության շողյուն մը փայլեցավ աչվըներուն մեջ։
― Հա՛, էկա՞ր, ըսավ ուռկանները մեկդի ընելով և ծրար մը առնելով զոր կարկառեց Սուրբիկին։
― Երկու շապիկ, չորս չորապ կա մեջը, ավելցուց․ աման աղեկ վլա, աղվոր քուրիկս։