Այս էջը հաստատված է

— Հոգդ մըներ, ախպարիկս, ամեն նա կիտեն քի էս մեկ հատիկ վլացող եմ․ հեմ քուկիններդ տահա աղվոր…

—Իրա՞վ, հարցուց երիտասարդ ձկնորսը՝ անուշ նայվածք մը սևեռելով լվացարարուհիին դեմքին վրա։

Եվ, իրավ, Սուրբիկ, Հուսեփին լաթերը մասնավոր խնամքով լվաց․ նախ եփոցին մեջ աղեկ մը եփեց, հետո երեք անգամ լվաց, այն աստիճան հոգածությամբ որ ձյունի ճերմկություն ստացան շապիկները։ Ցերեկվան արևին փռեց զանոնք, չորալեն ետքը ծալեց ու գուրգուրանքով առավ ձկնորսին տարավ։

Բերնին ջուրերը վազելով դիտեց Հուսեփ՝ երկար ատենե ի վեր լվացք չը տեսած իր շապիկները, և սա գովասականն արձակեց․

—Է՛յ աֆերիմ Սուրբիկ, խըյախ վլացեր ես, քանի՞ փարա պիտի տամ։

Մանկամարդ լվացարուհին ձկնորսին մոտեցեր էր և չլսվելու համար ծեր նավավարեն որ քիչ մը անդին անկողնին մեջ մրափելով կը քնանար, ըսավ ցած ձայնով․

— Ամենուն քառսուն փարայեն վար չըլլար, ամա քենե քսան փարա կառնեմ։

Ձկնորսը թեթև մը կարմրեցավ, ձեռքը գրպանը խոթեց և երկու տասնոց դնելեն ետքը Սուրբիկին ձերքը, երրորդ մըն ալ տվավ ասելով։

— Աս ալ եմիշ առ տե կե՛ր։

Սուրբիկ գրեթե ցատկռտելով մտավ իր խցիկեն ներս․ կրակը կը ճարճատեր, ջուրը կեռար թիթեղե ամանին մեջ, աղտոտ լաթերը դիզված կը կենային թակույկին մեկ կողմը։

Սակայն, այդ օրը, Սուրբիկ փոխանակ ուրախ ըլլլալու, լուրջ և տխուր կերպարանք մը ունեցավ․ ծանր ծանր, խորին մտածությամբ համակ՝ լվաց լաթերը բայց ցերեկին, միտքն իյնալով Հուսեփին տված տասնոցը, դուրս ելավ, խաղող գնեց այն նախկին զվարթությունն ստացած էր։

Չորս օր ետքը նորեն նավակայք գնաց մանկամարդ լվացարարուհին, ուզեց ձկնորսին աղտոտներն, ու այս անգամ անկից զատվեցավ ավելի մտերմացած անոր հետ։