Այս էջը հաստատված է

Երբ երրորդ անգամուն, առտուն կանուխ, եր սովորական այցը տվավ Սուրբիկ, ձկնորսը ստիպեց զայն որ քիչ մը ավելի նստի և խոսակցին։ Խոսակցեցան. մեկը իր լվացարարությունը գովեց, մյուսն իր ծովային կյանքին վայելքները պարզեց: Երկուքն այ իրարու արհեստին հավնեցան, և այս անգամ իրարմե բաժնվեցան ձեռքի ուժեղ սեղմումով մը և անուշ նայվածքներու գորովալի գիրկընդխառնումով։

Սուրբիկին վտիտ այտերը լեցունություն մը կը ստանային, կենդանություն մը կը փթթեր անոր ամբողջ մարմնին մեջ, որմե հետե կը տեսնվեր Հուսեփին հետ։

Առտու մը, Սուրբիկ, լաթերը առնելե ետք, կամաց մը ըսավ Հուսեփին.

- Ախպարի՛կ, քու լաթերուդ համար ա՛լ ստակ մի տար, ամա իրիճա մը ունիմ, դուն ալ ինծի զատկին ֆիստան մը կը շինե՞ս։

Զատկին շրջազգեստը շինվեցավ, և Սուրբիկ անօրինակ պերևեթումով հագավ զայն ու պտտեցավ։ Կյանքին մեջ հեք թշվառ աղջիկն այնքան ուրախ, այնքան երջանիկ չէր եղած։

Իրենց առավոտյան տեսակցություններն հետզհետէ այնքան երկարեցան և իրենց ձայնն այնքան մեղմացավ որ՝ հոն պառկող ծերունի նավավարը քիթը բերանը սկսավ ծռմռել ու մռլտալ։

Վերջապես օր մը Հուսեփ փսրտաց Սուրբիկին ականջին.

— Ինձի կառնե՞ս, Սուրբիկ։

— Կառնեմ, ըսավ լվացարարուհին կարմրելով։


Առտու մը, Սուրբիկ նավակայք գնաց Հուսեփին աղտոտ լաթերը առնելու համար. ծեր նավավարը անդին կը խռկար. խեղճ աղջիկը զարմանքով տեսավ թե ձկնորսը իր ծիծաղկոտ դեմքով չէր երևար իրեն. միայն ուշադրություն ընելով դիտեց, որ անկողինը ուռեցած էր. կամաց մը մոտեցավ, վեր առավ վերմակը, և ահագին կոծ մը արձակեց. ծեր նավավարը վեր ցատկեց։ Սուրբիկ անկողնին սնարին վերևը, Հուսեփին անշարժ մարմնին մոտ կեցած կուլար։