Այս էջը հաստատված է
ԳՈՂԸ

Ծովին եզերքեն քիչ մը ասդին կը գտնվեր տնակներու դես ու դեն կքած, ծռմռկած շարքը, որուն մեջ կը բնակեին ձկնորսի ընտանիքներ։ Այդ շարքեն անջատ, տասը կանգունի չափ հեռուն, ծովեն դուրս ցցված ժայռի մը կը կրթներ Հաճի Թումայի անշուք տնակն ալ, որուն կը հասնեին երբեմն ալիքներն, երբ ուժգին հով մը տակն ու վրա ըներ ծովը։ Բայց հոզ չէր, Թումա՝ վաթսուն տարեկան ուղղաբերձ և կորովի ծերուկ մը, մեծ հրճվանքով ու անբացատրելի հաճույքով մտիկ կըներ կատաղի երաժշտությունը ալեկոծ ծովին, հովին ահարկու պայթումները, ու մոլեդին կոհակներուն կործանումներն ու մեծաժխոր փշրումները իր տընակին ետևի ժայռին դեմ։

Կույր էր հեք Հաճի Թուման․ հիսուն տարեկան եղած ատենը աչքերն սկսած էին աղոտանալ, բիբին տեսողական ուժը մեկեն ի մեկ տկարացեր էր և օրին մեկն ալ, այդ աստիճանական շիջումին հաջորդել էր ամբողջական կուրությունը։ Բայց այդ ալ հոգ չէր։ Հաճի Թումա, այնքան գերազանցապես գիտակ էր ծովին ու ծովեզերքին ամեն ծակուծուկերուն, որքան մրջյունն իր ստորերկրյա բնակարանին հազար ու մեկ մասերուն․ բնավ չէր զիջած հրաժարիլ իր սիրած ու պաշտած արհեստեն, հայրն իրեն ուրիշ բան չէր կտակած եթե ոչ ձկնորսություն, Հաճի Թումա պիտի շարունակեր զայն, կույր ալ հիվանդ ալ ըլլար, մինչև որ մեռներ։ Բայց իր ընտանեկան կյանքը տռամներով լեցված էր։ Երեք մանչ զավակներ ունեցած էր, որոնց ամենքն ալ ուզած էր իր արհեստին հեշտին տաժանքներուն ու վտանգներուն մեջ մեծ