Այս էջը հաստատված է
ՀՈՒՍԱՀԱՏԻ ՄԸ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Սափորը ձախ ձեռքը, աջ ձեռքը կարճ հաստկեկ գավազան մը զոր ամեն մեկ քայլափոխին գետինը կը զարներ` ամբողջ մարմինը գրեթե անոր վրա ձգելով, մեռելներուն ետևեն կերթար պապա Հուսեփ, անոնց գերեզմանին վրայի հողը զովացնելու իր սափորին միջի ջուրովը։

Երկար, մինչև թելերը մաշած վերարկու մը կը կաղապարեր անոր իրանը իկունքեն մինչև կրունկները, մեջքէն վար—կռնկին կունտ ու կոր ձևին պատճառով,— փոթ փոթ իջնալով ու ցեխոտ ծվեններով վերջանալով։ Թևերն այնքան երկար էին որ սափորին բերանը թեղանիքին մեջ կը ծածկվեր և գավազանին ծայրն ալ չէր երննար, վասնզի մատները օր արև չէին տեսներ բնավ։

Վերարկուին երկու քղանցքները երբեք իրարու վրա բերած չէին, ոչ թե որովհետև անհիշատակ ժամանակե ի վեր զրկված էին կոճակե, անոր համար մանավանդ որ պապա Հուսեփ, սրտաճմլիկ անփութությամբ մը կուզեր ամառ ձմեռ թաց պահել իր կուրծքը, արևեն խանծած թավաստև կուրծ մը որ անոր ամեն մեկ աղմկալի շնչառությամբ կելլար կիջնար ցավալի հևքով մը։ Հետևապես իր դիմացը ելլողը վերարկուին բացվածքեն անպատճառ կը տեսներ չվան մը, հողեն ավելի թուխ, որ չորս հենդ անգամ մը ոլորած էր անոր մեջքին շուրջը, գոտեպնդելով զայն կարծես ու իր գոյությունը անհրաժեշտ, կենսական պետք մը դարձնելով անոր, Պապա Հուսեփին համար։ Այս այն աղետալի չվանն էր զոր մեռելներու ջրկիրը մեղմ զգուշությամբ մը և նեղացուցիչ ծանրությամբ մը կը քակեր մեջքեն դագաղները