աչքերը, սպասելով, անգիտակից անզգայությամբ մը, որ դուռն հանկարծ նորեն բացվի և ժամկոչին թավ ձայնը նորեն թնդա․
— Պապա Հուսեփ, հա՞յտե…
Բայց Պապա Հուսեփ, ասկից քսանհինգ երեսուն տարի առաջ, հիմակվան մեր գիտցած Պապա Հուսեփը չէր եղեր, բոլորովին , հիմնովին տարբեր մարդ մըն էր եղեր։
Առույգ, գեղեցիկ երիտասարդ մը, ինք կյանքին ժպտալով, կյանքն ալ իրեն․ ամենեն ճարտար ու կորովի նավավարն էր նավամատույցին․ ոչ ոք սիրտ կըներ անոր հետ մրցելու և արդեն անոր ճարպկությունն ամենեն կը հարգվեր, ու նավավարներու լոնճային մեջ իր փորձությանն ու հմտությանը դիմում կըլլար շաա անգամ՝ նավավարական կնճռոտ խնդիր մը լուծելու համար։
Գիշերները, երբ ծովացած հարաշարժ կյանքե մը վաստակսբեկ բարի նավավարները կը ժողովեին իրենց սովորական գինետունը օղիին տալու համար իրենց ամբողջ հոգնությունը որ պուտիկ պուտիկ առնե տանի, Հուսեփ միշտ կը նախագահեր ՜այդ գումարումին, և ամեն նայվածքներ անոր շուրթերուն կառշած կը մնային, անոնցմե ելած ամեն մեկ զարմանալի խոսքը շուտով մը կուլ տալու համար կարծես։
Քսանըհինգ տարու հազիվ կար Հուսեփ․ մայրը մեռած էր, մինչև վերջին շունչը աղօթքներ մրմնջելով իր քաջ զավկին համար․ իսկ հայրը, ժամանակին նավավար ու ձկնորս, հիմակ հիվանդոտ ու տխուր, տունը կը նստեր՝ իր հին ուռկանները կարկըտելով շարունակ, օրին մեկը նորեն վերկենցաղելով՝ զանոնք գործածելու գերագույն հույսովը տոդորված։
Օրին մեկը կը պատահի որ գյուղին մեկ բարեկեցիկ ընտանիքը տուներնին կը կանչին Հուսեփը և անոր կաղաչեն որ ամսական աս չափ գումարի մը փոխարեն ամեն առտու իրենց տասնևհինգ տասնևվեց տարեկան աղջիկը իր նավակովը առնե Ղալաթիա տանի ձգե, ու ամեն իրիկուն Ղալաթիա երթա ու առնե բերե մանկահասակ օրիորդը, որ Բերա ֆրանսական վարժարան մը պիտի հաճախեր։