Հուսեփ հոժարակամ կընդունի այս առաջարկը — միանգամայն կը որոշվի որ Ղալաթիա տանելեն ետքը, նավավարը աղջկան ընկերանա մինչև վարժարան, ինչպես նաև իրիկունն ալ երթա վարժարանեն առնե օրիորդը։ Երկու կողմեն պայմաններ կը դրվին, ծնողաց կողմե՝ աղջկան ապահով երթևեկությունն երաշխավորող, նավավարին կողմե՝ ամսական գումարին կանոնավորապես վճարումն ապահովող։ Ու հաջորդ օրվընե սկսյալ մանկամարդ աղջիկը, կարմըրերփն ու կարճ շրջազգեստ մը հագած, խսիրե թեթև անոսր գոլխարկ մը դրած, ու ձեռքն ունենալով փոքր պայուսակ մը, մտավ Հուսեփին նավակը՝ նախ քիչ մը վարանումով ու հետո, առաջին տագնապը անցընելե ետք, անփութորեն բազմելով նավակեն մութ կանաչագույն բազմոցներուն վրա, լայնալանջ ու հոլանի երիտասարդին դեմը, որուն ջղուտ բազուկները սկսան ջուրին վրայեն փետուրի թեթևությամբ սահեցնել նավակը։
Մանկամարդ աղջիկը սիրուն և գիրգ արարած մըն էր. անուշ ու կապտորակ աչքեր անհանդարտորեն կը շարժեին հազիվ նըշմարելի խարտիշագույն ընքվիներուն տակ. անոնցմէ էր, որո՜ք կարծես բանի մը վրա չէին նայիր, բանի մը ուշադրություն չեն ըներ, և սակայն ամեն բան աչքին կը զարնե. ուստի երբ Հուսեփ, առաջին վայրկյաններուն մեջ երկչոտ, նայեցավ անոր, հուսախաբություն մը ճնշեց իր սիրտը։ Մանկամարդ օրիորդը ոչ միայն չէր գիտեր զինքը, այլև գլուխն ալ անգին դարձնելով՝ հորիզոնը կը քններ տարտամ նայվածքով։
Բայց այս առթիվ ինքը կրցավ, ուժգնորեն թիավարելով հանդերձ, մանրամասն որեն զննել այդ փափուկ արարածը որ հանձնված էր իր համբավյալ պարկեշտությանը։ Եվ զմայլեցավ մնաց. կը կարծեր թե տակավին կյանքին մեջ ատանկ դեմք չէր տեսած, ու սիրտին զգացած կսկծանքը կայպաներ զինքը որ մինչև այն ատեն անհրապույր կյանք մըն էր վարած, քանի որ ատանկ երանավետ արարածներ գոյություն ունեին աշխարքին վրա, ու ինքը չեր գիտեր
Եվ ավելի կորովով, գրգռված ջիղերու ձգտումով մը թիակները կը մխրճեր ջուրին մեջ, ու նավակը կը սահեր։