եպիսկոպոս, քահանա, տիրացու, կանոնավոր և դաշն ձայնով երգեցողություն ու հանդարտ հառաջացումով, թեև Պապա Հուսեփին համար հանդիսավորը և անշուքը հավասար էին․ չէ՞ մի որ երկուքին ալ փոսին վրա պիտի թափեր իր միևնույն ջուրը, միևնույն անտարբերությամբ։
Թափորը գերեզմանատուն հասավ, ու մեռելական աղոթքներն եղան լմնցան։
Առաջ անցավ Հուսեփ, ու մեջքեն սկսավ քակել մահասարսուռ չվանը, զոր ժամկոչի մը հանձնեց, հետո իր սովորությանը համեմատ, բացավ դագաղին կափարիչը, ափ մը հող նետելու համար մեռնողին վրա։
Կնոջ դեմք մը հանկարծ եբևան եկավ, ցցված ոսկորներով, փոսը ինկած աչքերով․ Պապա Հուսեփ կեցավ, վաղանցիկ շլացում մը ունեցավ, գլուխը կափարիչեն ներս խոթեց ու տարօրինակ բան, պագավ մեռելին սառն երեսը․
—Վա՜խ Նուրիկ, մրմրալով։
Դագաղը փոսը իջեցուցին, հողը ծածկեցին, ու Պապա Հուսեփ իր սափորին ջուրը անսովոր հոգածությամբ մը թափեց, ցանցնեց ամեն կողմ, աչքովը շտկեց շտկրտեց փոսին կոնաձև կույտը և մինչ ամեն ոք կը ցրվեր կերթար, ինք առավ սափորն ու չվանը, հեռացավ գերեզմանատան մեջ, քարի մը առջև կեցավ, վեր վերցուց սափորը և ուժգնորեն զարնելով գերեզմանաքարին՝ փշուր֊փշուր ըրավ, բեկորներուն վրա կոխկրտեց մոլեգին թափով մը, հետո խոշոր զմելի մը հանելով գրպանեն կտոր կտոր ըրավ շվանն ալ։
Երբ ավարտեց, շուրջը նայեցավ․ ոչ ոք կար, փաթթվեցավ իր վերարկուին և գլուխը կախելով սկսավ երթալ գերեզմանաքարերուն մեջեն, հորդ արցունք թափելով, իր սրտացող հեկեկանքները խառնելով սեպտեմբերի ահեղասույզ քամիին որուն ալիքներուն մեջեն երբեմն կը լսվեին Պապա Հուսեփին խուլ հեծկլտանքները․