անասնական արտահայտությամբը սևեռուն են անոնք, կը գամվին կը մնան տեղ մը, համառ թափանցությունով մը․ բայց կան վայրկյաններ ուր անոնք կելլան իրենց կանաչ անշարժությունեն, ու ճերմկուցները հիմարորեն կը թավալին, կը գլորին, կը դառնան, կարծես առանցքի մը վրա ամրապես ագուցված։ Ականջները բուի թևերու պես, կերկննան գլխուն երկու կողմերեն, քիչ մը կորանալով բրդե գունատ ու հին գտակի մը տակ, որ ամբողջ գանկը կը պարտրկե։
Քուրձին ներքև մերկ սրունքները կերևան, խանձած ու ճեղքրտված, ու ոտքերը, լայն, ահագին, տափակ, կոշկոռոտ մատվըներով, որ ամառը փոշիի կույտեր կը կոխկոտեն ու ձմեռը սառ, ձյուն, ցեխ։
Բնությունը, որ այս աստիճան անողորմաբար ժլատ հանդիսացել Էր այս խեղճ մարդուն ֆիզիքական կազմակերպությանը համար, ահռելի կատակով մը լսելու և խոսելու կարողությունն ալ գլացել էր անոր։ Ու այսպես անիկա՝ միսի ու ոսկորի հրեշյին շաղախ՝ ամբոխին սովորականության մեջ տգեղության քստմնելի պատկեր մը կը պտըտցներ, իր ֆիզիքական ապաշնորհության վրա ատելություն ու սիրտխառնվուք միայն հրավիրելով։ Շարժուն դիակ մը պիտի կարծվեր ան՝ երբ երբեմն կսկծեցուցիչ ճիգով մը, որ ատեն աչվըները տարապայման կը ընդլայնեին ու ճիտին ու քունքին երակները կուռեին, կցկտուր կաղկանձյուններ ու խոճկորի խանչյուններ չարձըկեր, զորս կը կերկերեր իր լեզուին խոլ շարժումներովը, դուրսը, օդին մեջ։
Համրը, սակայն, մուրացկան մը չէր, և ո՞վ պիտի ուզեր ողորմություն տալ իրեն, քանի որ արգահատանքի տեղ նողկանք միայն կազդեր։ Ամեն մարդու պես առուտուրով ապրող մարդ մըն էր։ Ոչխարի աղիք կը ծախեր։ Բռնած արհեստն ալ իրեն պես աղքատ։
Աղի՜ք, օ՜հ, տեսնելու էր զինքը իր աղիքներուն հետ. դաստակներեն ու մատներեն վար կախված էին անոնք, թաց, կակուղ, լպրծուն, օձի պես իրար փաթթված խառնված, անծայր անվերջ գալարվածք մը մսի, արյունի, փորոտիքի։ Բայց ատիկա էր իրեն միակ հաճույքը զոր կարենար վայելել աշխարհի լիաբուռն հաճույքներու