Այս էջը հաստատված է

մեջ։ Տեսակ մը հեշտությամբ կը գրկեր իր աղիքները, անոնց կակուղ ցուրտ հպումեն անբացատրելի վայելք մը զգալով․ կը սեղմեր, կը տրորեր զանոնք իր մատներուն մեջ, անոնց թացաթյունը կը շոշափեր՝ իր վայրենի մարմնուն անճառ զգայագրգռություն մը բաշխելով։ Մինչև իսկ, ու իր կատակն Էր ասիկա—երբեմն իր բաց կլափին մեջ կը մխրճեր զանոնք հեղակարծ շարժումով մը, հետո ետ կը քաշեր կոկորդային սուր կռինչով մը, որ պահ մը սարսափահար ընկրկել կուտար կատուներու ճչացող կըզվըտող, սովալլուկ երամակը զոր փողոցներուն մեջ, իր ետևեն կը քաշկռտեր, գրգռելով զայրացնելով անոնց անկուշտ քաղցը։ Երբոր իրեն ու իր աղիքներուն կծու հոտը առնեին, պատերե, ցանկերե, պատուհաններե խենդի պես վար կը նետվեին, համրին ջուրջը պար կը դառնային աղերսելով, ողբալով, մերթ նենգորեն հարձակում մը հանդգնելով։ Բայց անիկա երկայնամիտ համբերությամբ կը տոկար այս անդուլ թախանձագին, խոլական հալածանքին, նույնիսկ չես գիտեր ինչ հաճույք մը, տեսակ մը գոռոզություն կը զգար ինքզինքը շրջապատված, հետապնդված ու ըղձացված տեսնելով եթե ոչ մարդերե որ խույս կուտային իրմե՝ գեթ անոթի կատուներե։

Ու այսպես կանցներ ամեն իրիկուն, մթնաշաղին, աղիքները կախ տված թևերն ի վար, մերթ ինք իր մեջ ամփոփված՝ թշվառության պատկերը քալեցնելով ամբոխին մեջ, մերթ լեզուն դուրս, աչքերը թավալուն, ատամները ցցված, հրեշության տիպարն արձանացնելով, մինչ կատուները ետևեն, քովեն, առջևեն իրենց ասվախճան պաղատանքը կը փռեին։


Անկյունը այն փողոցին ուսկից համրը կանցներ սովորաբար, կը գտնվեր ցածուկ խանութ մը նպարավաճառի, ստացվածքը ութսունամյա ծերունի Բուլգարի մը որ առտըվընե մինչև իրիկուն իր խոնջ ու պառված մարմինը կծկտած կը հանգչեցներ ալյուրի, լուբիայի սուրճի պարկերու անթափանց պատնեշի մը ետին։ Ինք իր այդ անշուք գահույքեն մինակ աչքի հսկողություն մը ի գործ կը դներ, խանութին գործը ձգելով իր