Այս էջը հաստատված է

աղջկան, քսանը անցուկ սիրուն բուլգարուհի մը, որ ամեն ճիգ կը թափեր իր զառամ հորը նեղսիրտ դիտողություններուն չենթարկվիլ։ Աշխույժ հաճոյակատարությամբ կը վարվեր հաճախորդներուն հետ, որոնք քմահաճո զեղումներ չէին կրնար ունենալ՝ ակնածելով ծերուկին աններող սուր նայվածքին խոժոռությունեն․ անանկ որ նպարավաճառուհիին միակ հաճույքը՝ իր առուծախի միօրինակ ու ձանձրալի զբաղման մեջ՝ իր կատուն էր` պզտլիկ, կունտլիկ անասուն մը, գոհարը իր ցեղին, երկար խիտ մազերու փափուկ ճերմկությամբ մը հանդերձավորված, աշխույժ, ցատքտող, կատաղի մոլի, գգվանք ու փայփայանք գըգռող չարաճճի կապկություններով, որոնք ծերուկի անհանդուրժելի խստության քով ցայտուն հակապատկեր` անոր սաստկությունը կը մեղմացնեին։ Կանաչ աչքերուն կայծովը ու մանր թաթիկներուն, զվարթության շունչ մը կը պտըտցներ պարկերու, տակառիկներու, դարակներու համառ անշարժության շու՝րջը։ Աղջիկը սրտանց կը սիրեր իր կատուն որ հտպիտի ոստումներ կըներ անոր գլխուն, ոտքերուն, ձեռքերուն վրա։ Գրկին մեջ կը սեղմեր զայն, ափերուն մեջ գորովանքով կը թալթլեր, ծոծրակին խարտյաշ մազերուն կը քսեր՝ մինչ ան կը խաղար այդ ոսկի թելերուն հետ, խածխծելով, ճանկելով առանց ցավցնելու ու իր սիրելու խանդին մեջ կորսված, խելահեղ, կը պագներ անհագությամբ անոր աչուկները, թուշը, բերանը, մարմնույն ամեն կողմը, ուր որ հանդիպեր․ հետո կշտացած, կը նետեր զայն պարկի մը վրա. անասնիկը այդ գիրկընդխառնումեն սահմռկած, խելացնոր, շնչասպառ կը թոթվվեր, կը փռընգտար, կը քթվտեր, կը լզվըռտեր։

Ամեն իրիկուն երբ անցներ համրը իր աղիքներու բեռին հետ, կոչունք ուներ փիսիկը։ Նպարավաճառուհին, ակամա, հակառակ իր սաստիկ պժգանքին, կատուին սիրուն, կը կանչեր համրը և մանրուք դրամի մը փոխարեն աղիք կը գներ։ Մեծապես կը զվարճանար դիտելով իր կատուն որ ճանկերովը մոլեգնաբար կիյնար փորոտիքին վրա, փոքր պեխերը ցցած, մռըլտալով, լափելով, լափլիզելով։ Մյուս կատուները, անոնք որ սիրական տեր մը չունեին՝ այդ խնճույքը իրենց հրամցնելու համար, կը շա—