Այս էջը հաստատված է

Ալքովը բավականանալու առաքինությունը չունեցավ համրը, իրեն ցուցված ներողամտությունը գրգիռ մը կարծեց։ Մանրուք դրամին փոխարեն իր տված աղիքին կտորը հետզհետե շատացավ, երկնցավ, և հասավ անանկ համեմատության մը որ կատուն իր փորիկը կշտապինդ ուռեցնելե ետքը, կարևոր մաս մըն ալ կավելցներ որ աղջիկը վեհանձնորեն կը նետեր դուրսի կատուներուն կճռտող ակռաներուն, ու թեև ինք նշանացի կը հասկցներ աղիքին տարապայման քանակը, բայց համրը տալու, ամեն բան տալու մարմաջով բռնված էր։ Եվ իրիկուն մըն ալ, համրը, ջղային զգայնականության բորբոքումե մը մղված, աղիքը հանձնելե հետո, իր լայն, յուղոտ, գարշելի ձեռքը հանկարծ երկնցնելով բռնեց աղջկանը ճերմակ լեցուն կզակը։ Աղջիկը սարսափահար, ճիչ մը արձակեց ու ներս փախավ խանութեն:

Հաջորդ իրիկունը, անշուշտ սպասելով թե ինչ ընդունելություն կը սպասեր հոն իրեն, համրը փողոցին մյուս եզերքեն անցավ, գողի պես, աղիքներովը բեռնավորված, ու շեղակի արագ ակնարկով մը խանութին նայեցավ, որուն դրան առջև ալ ո'չ աղջիկը կար ո'չ կատուն, ու ներսը` պարկերուն ետին, ծերուկ պապոյին խոժոռ, ահարկու կերպարանքը միայն, որ գավազան մը կը ցուցներ իրեն սպառնագին։

Կատուն. իրիկունները, նույն ժամուն, շատ ճ՛չաց, մլավեց, թապլտկեցավ իր տիրուհիին թևերուն մեջ. իզուր, ընդմիշտ զրկված էր իր առօրյա ռոճիկեն։

Համրը, օրեր անցնելե ետքը, ի զուր խանութին մոտեն անցավ, փիսիկին աչքերուն առջև ցուցադրելով իր փորոտիքներուն ախորժագրգիռ կապոցները։ Մանկամարդ աղջիկը, անկարեկիր, աններող, իր գեղեցիկ աչվըներուն անարգական շանթովը վանեց խեղճ համրը, գիրկը բռնած իր սիրական կենդանին, բանի տեղ չդնելով անոր ճչոցներն ու ճանկռտուքները։ Իր դեմքին եղած պղծության վրեժը կը լուծեր։

Համրը հուսահատվեցավ, բայց ոխ կապեց։

Իրիկուն մը, կատուն, օգտվելով իր տիրուհիին զբաղած մեկ