Այս էջը հաստատված է

կյուն մը կծկվեցա, շուրջս ունենալով գյուղացիներ, որոնք բիրտ ձայնով ու շարժումներով կվիճաբանեին։ Ճաշարանին մեկ մասը նպարավաճառի խանութ էր,և տերը, զոր կտեսնեի հեռվեն, կայնած էր մգլոտած պարկերու դեզի մը առջև․ աղոտ լույսին մեջ հազիվ կրնայի անոր դեմքը որոշել։ Միևնույն ժամանակ ինքն էր, որ ատեն֊ատեն շիշ մը օղի կամ գինի կբերեր հաճախորդներուն առջև դնել՝ կտոր մը պանիրի կամ չուշկայի [1] հետ։

— Շիշ մը օղի ալ ինծի, — պոռացի հեռվանց թուրքերեն լեզվով։

Մարդը աճապարեց պատվերս կատարել։ Ու քիչ հետո աղտոտ ափսեի մը վրա—բացառիկ պատիվ քաղաքացիի հանգամանքիս ընծայված—նպարավաճառը առջիս կդներ շիշ մը օղի, պանիր և ապուխտի քանի մը շերտեր։ Տիրող փոթորիկեն սրտնեղած, չէի մղվեր շուրջս գտնվողները գիտել, ու ինքնամփոփ սկսա կոնծել։ Պահ մը ետքը, զարմանքով տեսա, որ սպասարկուս փոքր սանի մը մեջ եղով եփված հավկիթ մը հրամցուց ինծի։ Այս անգամ բնականաբար ավելի ուշադրությամբ նայեցա իրեն և շնորհակալություն հայտնեցի։ Հիսնամյա մարդ մըն էր, նիհար, աղեբեկ ցանցառ պեխերով ու խոշոր, վշտահայտ աչվըներով։

Ի՛նչ եղավ զարմանքս, երբոր հույն կամ բուլղար կարծած այդ մարդս խոսքը ինծի ուղղելով ըսավ․

— Պարո՛ն Երվանդ, կարծես զիս չճանչցաք։

— Դո՞ւք,—ըսի ապուշի պես երեսն ի վեր նայելով։

— Մարտիրոս պատվելին, վաղեմի ծանոթդ։

Չեմ կրնար բառ գտնել նկարագրելու համար զարմանքս և շփոթությունս։ Պատվելին, սա ահավոր պեխերով մեր երանելի պատվելիին հետ, Բալքաններու հեռավոր մեկ գյուղին աղտոտ ու գարշահոտ կապելային մեջ, նիհարցած, և մանավանդ, բայց մանավանդ մերկացած իր պատմական, իր հսկայական պեխերեն,որոնցմե մեկ քանի թել-խլյակներ կմնային ողբալիորեն կախված վերին շրթներեն։

— Բայց․․․ ի՞նչ եղավ,ի՞նչպես եղավ որ հոս ես պատվելիությո՞ւնը,

  1. Չուշկա―բուլղարական պղպեղ