Այս էջը հաստատված է

ՔԱՎՈՒԹՅՈՒՆԸ

Իր տժգույն դեմքին վրա ներքին մրրկածուփ հուզումին սարսուռներր չմատնելու ճիգով մը՝ գլուխը վեր, պեխերը այլևս ալևոր, սրածայր ոլորվածքով՝ ինչպես ինքնագոհ ու վեհապանծ երիտասարդի մը, Կոպեռնիկոս Էֆենդի Մերասեդիյան ծանրորեն վար իջավ կառքեն, որ կանգ առած էր Շիշլիի ազգային գերեզմանատան դրանը առջև, Աստվածածնա երկուշաբթի օրը, ցերեկեն երկու ժամ ետքը, օգոստոսի տաքուկ ու երանավետ արևի մը տակ։ Իր անստգյուտ ռըդենկոտին օձիքեն մատներու հպանցմամբ մը փոշիներ վար տալու իր ատ շարժումին ծանոթ մեկը միայն գուցե հասկնար, որ բուռն տագնապով մը կդողդողար այդ մարդը, որ մինչև իսկ գերեզմանատան դրան կամարին տակ մտած ատենը մարմնի ընկրկում մը ունեցավ։ Բայց հառաջացավ գրեթե անվրդով, ամբարտավան քալվածքով մը։ Եվ հակառակ որ մուտքի կամարին տակ զինքը դիտող մը չըլլար, Կոպեռնիկոս Էֆենդի խոռոչներուն մեջ ամրապես քաշված սև և մանրաբիբ աչվըները աջ և ահյակ կշրջշրջեր՝ տեսնելու համար, թե զինքը կտեսնե՞ն։ Գերեզմանատան պարտեզը, ուր մտավ, իր խաղաղ ու գեղարվեստական երևույթովը կարծես քաջալերեց Կոպեռնիկոս Էֆենդին, որ վարժ քալվածքով մը հառաջացավ դեպի վեր, մեջտեղի ճամբեն, այլևս գրեթե հանդարտ հետաքրքրությամբ մը շուրջը դիտելով, իբրև բոլորովին նոր բան մը տեսած, սլացիկ, մաքուր, մարմարեղեն շիրիմներուն նայելով զարմանքոտ, երկյուղած ու գգվագին աչվըրներով։ Մահաստանին անկյուններեն խժլտուք մը կբարձրանար հիմա, տաժանագին, ինչպես հուսկ հետին հռնդյունը բոլոր