էֆենդի, Աստվածածնա մեռելոցին կուգար վերջապես այցելել իր մեռելներուն՝ զանոնք օրհնել տալու համար։
Իր գործակատարը, որ միշտ իր կողմե բոլոր հուղարկավորություններուն ներկա գտնված էր մինչև փոսերուն ծածկվիլը և ծաղկեփունջերուն անոնց վրա խառնիխուռն կուտակվիլը, և որ այդ օրը հանդիսավոր ու խորհրդալից օր իր տեղը տիրոջը տված էր, մանրամասնորեն նկարագրած էր Մերասեդիյան գերդաստանին դամբարնին վայրը, որ ազգային ծանոթ բարերարի մը գմբեթավոր հոյակերտ դամբարանին ետևը կիյնար։ Կոպեռնիկոս էֆենդի, առանց ուշադրություն ընելու Ղուկաս աղային բացած զարմացական աչվըներուն, առած էր գերեզմանին բանալիքը, որուն սառն հպումը դող մը պտտցուցեր էր իր երակներուն մեջ։ Մահվան պես ա՛տ ալ պա՛ղ։
Սոսկումը, որով պաշարված էր մահաստանին շրջափակեն ներս մտնելե առաջ, կմեղամնար հիմակ, վայրին խնամքոտ ու խաղաղավետ հարդարումեն, պորփյուրե ու մարմարե հոյակերտ շիրիմներուն կանգնագեղ հորինվածութենեն հմայված, թեև ինք երբեք մարմարին արվեստովը հետաքրքրված չըլլար։ Կամաց-կամաց, զգուշությամբ կքալեր, ավելի հետաքրքիրի մը ձևը ջանալով տալ իրեն, քան թե իր մեռելներուն այցելողի մը։ Կարճուկ թուփերուն վրայեն և դամբարաններուն օձապտույտ ածուներուն միջև կտեսներ փոսերու և գերեզմանաքարերու վրա ծռած կռնակներ, որոնք կթոթվվեին, կիներ ու տղաք, որ տոտոզված շիրմաքաքերու մեջտեղ՝ կխոսվռտեին։ Ավելի հեռուն, վանդակորմի մը ձողերուն ետին՝ մորուքը տերտերի մը, որ կկարդար։ Բայց երբ առաջին անգամ աչքին դիպավ գմբեթավոր դամբարանը «ազգային բարերար»-ին, Կոպեռնիկոս էֆենդի կանգ առավ։ Իրենցը անոր ետևն էր, ինչպես բացատրած էր Ղուկաս աղան։
Այս Ղուկաս աղան, պարագաներուն և իր գործին բերմամբը, շատ կարևոր դեր մը խաղացած էր Մերասեդիյան ընտանիքին մեջ։ Նախ և առաջ, իբրև Կոպեռնիկոս էֆենդիի գործակատարը, ընտանիքին բոլոր մեռելները ինք իր ձեռքովը հողին հանձնած էր։ Առաջին մեռելին, էֆինդիին հանձնարարությամբը, տասը քառակուսի մետր տարածությամբ հող մը գնած էր Շիշլիի