ազգային գերեզմանատան մեջ․ հետո, ամեն անգամ նոր մեռել մը պատահելուն, Ղուկաս աղա քար մը ձգել տված էր վրան տապանագիրով մը՝ գրված իրեն ծանոթ հինգլուխ հայկաբան պատվելիի մը կողմե, Ենի Քափու, ուր ինքը կբնակեր։
Յուրաքանչյուր գերեզմանաքարը տնկվելուն, Ղուկաս աղա հաշիվը ներկայացուցեր Էր Կոպեռնիկոս Էֆենդիին, որ, առևտրական պարզ և սովորական հաշվեցուցակ մը աչքե անցընելու պես, ակնոցներուն շրջանակին վրայեն նայվածք մը նետելով անոր, միշտ սա դիտողությունը միայն ըրած էր․
— Ղուկա՛ս, աս ծախքին վե՞րջը․ չլմնցավ․ անոնք մեռան գացին, աստված ողորմի հոգունուն․ իջտե աս քսան ոսկին ճերիմե է․․․
Եվ օր մը, տրամադրությունը տեղը մեկ վայրկյանին, հայ վաճառականը՝ Ղուկաս աղային հանել տված էր Շիշլիի ազգային գերեզմանատան մեջ Մերասեդիյան ընտանիքին դամբարանին համար եղած բովանդակ ծախքին հաշիվը։ Գործակատարը, որ այլևս կարծես այդ ընտանիքին գերեզմանափորի քստմնելի տիտղոսովը կհպարտանար, գրպանի մեկ եղոտ տետրակեն քաղած Էր այդ մեռելարույր հաշիվը։
― Ութը հազար երեք հարյուր քառասունըչորս դրուշ, տասը փարա,—ըսած էր Ղուկաս աղա արարողական ձայնով մը։
— Մե՜ղք փարաներուն,—մրմռացած էր Կոպեռնիկոս էֆենդի․․․ բայց ան չէ ամմա, ատ տասը փարա՞ն ինչ է,—հարցուցած էր գործակատարին դառնալով։
— Վերջին անգամ դռնապանին տղուն տասնոց մը պաշխիշ տվի,—պատասխանած Էր Ղուկաս աղա։
― Մե՛ղք, մե՜ղք փարաններուն։
Ժամանակե մը ի վեր, սակայն, Ղուկաս աղա կդիտեր, որ իր մեծավորը տրտմաթախիծ ու մտահոգ երևույթ մը ուներ։ Ատեն–ատեն իր մանր ու սև բիբերը պաղած կմնային մեկ կետի մը սևեռած, և հանկարծական թոթվըտուքներ ալ կունենար։ Հետո, վերջերս, օր մըն ալ,չլսված բան․Ղուկաս աղային հարցուցեր Էր թե երբեմն երբեմն գերեզմաննոց կերթա՞ և մեռելները աչքե կանցընե՞։ Թաղը ի՞նչ վիճակի մեջ Է։ Պզտիկ ծառեր