Այս էջը հաստատված է

տնկվա՞ծ են հոն։ Պահապանը կջրե՞ կոր։ Քարերը կմաքրվի՞ն կոր։ Բնականաբար Ղուկաս աղա հանկարծակիի եկած էր ու կմկմացած, վասնզի այդ բաներուն ոչ մեկը եղած էր։

— Ղուկա՛ս,— հրամայած էր Կոպեռնիկոս էֆենդի,—ասկից ետքը ամիսը մեյ մը գնա՛, աչքե անցո՛ւր, բանլիքն ալ երկուք ըրե, մեկը միշտ վրադ պահե՛։

— Աս մարդը կփախցնե կոր,— մրմռացեր Էր գործակատարը՝ քունքին մազերը շտկելեն։

Բայց իր զարմանքը ապշության փոխվեցավ, երբ Աստվածածնա շաբաթ օրը մաղազայեն ելլելե առաջ՝ Կոպեռնիկոս Էֆենդին կանչեց իր գործակատարը և ըսավ անոր․

— Ղուկա՛ս, վաղն առտու մեր տան երեցին գնա, ըսե՛, որ երկուշաբթի կեսօրեն ետքը ժամը ութնին Շիշլիի գերեզմանոցը պիտի գտնվիմ, մեռելներս օրհնել տալու համար․ ինքն ալ հոն թող ըլլա․․․

— Աստված վերջերնիս բարին ընե,— մրթմրթաց Ղուկաս աղա՝ չկրնալով բան մը հասկնալ եղածեն։


Եվ հիմակ, ահա իր մեռելները օրհնել տալու եկած էր Կոպեռնիկոս էֆենդի, որ «ազգային բարեբար»-ին գմբեթավոր դամբարանին ետևը դառնալուն պես՝ Մերասեդիյան գերդաստանին դամբարանին առջևը գտած էր ինքզինքը։ Ներս նայեցավ․ տերտերը տակավին չէր եկած։ Այս դժպատեհությունը քանի մը կաթիլ քրտինք ծորեցուց ճակտին վրա։ Գերեզմանը շրջապատված էր երկաթե վանդակորմով մը։ Հինգ հատ տապաններ, երեքը քով-քովի, մյուս երկուքը քիչ մը ավելի ետև՝ իրարմե հեռու, կծածկեին հողը։ Քառակուսի մարմարներ էին, շիրիմներուն է՛ն պարզը։ Քանի մը ծառեր կային, կարճուկ ու վտիտ, հայտնապես նոր տնկված։ Պերճ ու հոյակապ շիրիմաքարերուն և խնամքով զարդարուն գերեզմաններուն մեջտեղ տրտմագին պարզությամբ մը կհայտնորոշվեր Մերասեդիյաններուն թաղը՝ լքման հայտարար նշաններով։

Կոպեռնիկոս էֆենդի հանեց գրպանեն բանալին, բացավ