դուռը և ներս մտավ։ Իրեններուն քովն էր։ Իր մորթին տակ մաճկացած արյունը, որ հակառակ իր հիսունըհինգ տարիներուն՝ երիտասարդական վառք մը կուտար իրեն, պահ մը անհետացավ, մահական տժգունությամբ մը դալկահարելով իր դեմքը։ Այդ տոկուն և անգութ մարդը կդողար։ Դանդաղուն քայլերով մոտեցավ մեջտեղի երեք տապանաքարերուն և կարծես չիյնալու համար, երկու ձեռքերովը կրթնեցավ մարմարին։ Եվ հուզումեն պղտորած աչվըներովը նայեցավ տապանագիրին։ Մորն էր։
|
Ենի Քաբուցի պատվելիին քերթողական այս չքնաղ արտադրությունը ուժգնորեն ցնցեց Կոպեռնիկոս Էֆենդին։ Իր սևեռական նայվածքին տակ՝ մայրը կնկարվեր այդ մարմարին վրա․ այդ գիրերը գիծեր կըլլային՝ ուրվանկարելու համար անոր ճերմակ ու վտիտ մարմինը, ճիշդ ինչպես վերջին անգամ ան իր աչքին երևցած էր՝ անկողնին վրա, իրիկունը, շուկայեն դարձին, Ղուկաս աղային հետ, որ մեռելի գիշերներ չորպաճիին տունը կպառկեր բացառապես։ Ցերեկին հանկարծամահ եղեր էր պառավը, առանց ճիկ մը հանելու, մոմի պես անցնելով։ Շուտով մարդ մը վազեցուցեր էին մաղազան՝ այս աղետը ծանուցանելու։ Կոպեռնիկոս էֆենդին դրամարկղը բացած՝ ոսկիի և բանկնոտի հետ կխաղար երբ Ղուկաս աղան, ետևեն հանկարծ բոթը նետեր էր իրեն․
— էֆենդի՛, մայրերնիդ ձեզի օրեր․․․
Վաճառականը, առանց ձեռքը դուրս հանելու դրամարկղեն գլուխը դարձուցեր և ակնոցին վրայեն նայելով գործակատարին՝
— Ատ ո՞ւրկե իմացար, ծո՛,—ըսեր էր,— սխալ չըլլա՛։
— Հիմա լուր բերին։ Այո՛, ձեզի օրեր,― կրկներ էր գործակատարը։
— Թոհա՜ֆ բան, մրմռացեր էր Կոպեռնիկոս էֆենդի և