դարձյալ դրամարկղով զբաղեր էր։ Իրիկվան, սովորական ժամուն, տուն գացեր և մայրը երկնցած գտեր էր անկողնին վրա, անկենդան։
Ահա այդ պատկերը կտեսներ հիմա գերեզմանաքարին վրա։ Խեղճ կին։ Որքան տառապել էր կյանքին մեջ և իր վերջին տարիները որքան դառնակսկիծ եղեր էին՝ միմիայն իր այդ Կոպեռնիկոսին երեսեն-պզտիկուց իսկ նենգամիտ ու կեղծավոր,—անոր լռիկ ու սքողված չարագործությանց պատճառովը։ Ագահ և զոշաքաղ, այս մարդը բռնաբար մորը ձեռքեն հափշտակեր էր հորենական ժառանգության բաժինը, խաբեության և ահաբեկումի ցանց մը լարելով այդ երկյուղած ու երկչոտ կնոջ շուրջը։ Կնհիշեր հիմակ, որ գիշեր մը, նույնիսկ իր հաստ գավազանովը անոր վրա հարձակելու եղեռնական շարժում մըն էր ըրած, «տո՛ւր, տո՛ւր ունեցածդ» ոռնալով, երբ քույրը, քառասուննոց ամուրի աղջիկ մը, նվաղած ինկեր էր մորը և եղբորը մեջտեղ։ Հետևյալ օրը, Նազենի հանըմ իր արկղին բանալին դողալով զավկին կլափը նետեր էր։ Եվ տղան, բորենիի պես դունչը այդ արկղին մեջ խոթեր ու լափեր էր հարյուրավոր ոսկիներու արժեքով գոհարե՛ղեններ և բազմաթիվ արժեթուղթեր։
Հապա այդ խեղճ քույրը՝ որուն կյանքը մարտիրոսություն մըն էր եղած իր եղբորը ձեռքին մեջ։ Հակառակ հազար ոսկի դրամօժիտ ունենալուն, մինչև երեսուն տարեկան տակավին թարմ հասակը, չէր կրցած ամուսնանալ։ Կոպեռնիկոս անարգ մեքենայություններով հաջողած էր ամուսնական բոլոր առաջարկերը չեզոքացնել, իր մոտը, իր ձեռքին տակը պահելու համար անոր հազար ոսկին։ Աղջիկը մեծցեր էր, մազերը սկսել էին ճերմկոտիլ, և օր մը, եղբորը կսղմե բրտորեն փողոց ձգելու, գայթակղությանց նշավակ դառնալու սպառնալիքին տակ, հավանած էր իր դրամօժիտը եղբորը հանձնել իբր ավանդ։ Կոպեռնիկոս կուլ տված էր իր դրամն ալ։ Հոն էր, մորը տապանաքարին քովիկը։ Իսկուհի Մերասեդիյանը, և իր տապանագիրը, որ «Այս է տապան հանգստյան»-ով մը կսկսեր, ինչպես բոլոր մյուսները, կհիշեր, թե «փոխեցավ աստի, վարելով կյանս կուսական և առաքինի»։ Օրիորդ Իսկուհի, եղբորը հանձնելե հետո իր հույսն ու