Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/10

Այս էջը սրբագրված է

ցած... դու ղարիպ ես քո աշխարհէդ ու տնէդ, ես ղարիպ եմ ի քո երեսէդ ու քաղցր լեզուէդ...»[1]:


Պաղտասար Դպիր մանկավարժին ու քերականին լայն ճանաչում են բերում նաև նրա գրաբարի և աշխարհաբարի քերականության դասագրքերը («Պարզաբանութիւն քերականութեան կարճառօտ, և դիւրիմաց, յաղագս նոր եկելոց ի ուսման գրոց գիտութեանց», «Հատոր երկրորդ քերականութեան, կիրառութիւն մասանցն բանին, որ է շարամանումն ընդ իրեարս ըստ թերթողացն» (1736) և «Գիրք քերականութեան» (1760): Դպրոցական այդ դասագրքերը տեսականորեն և գործնականում պաշտպանում են գրական լեզուն ժողովրդին մոտեցնելու այն կարևոր պահանջը, որ առաջադրում էր վերանորոգվող հայ կյանքը: 18-րդ դարը հայ լեզվաշինարարության բուռն շրջան էր... Մխիթար Սեբաստացին՝ Վենետիկում, նրա կրտսեր ժամանակակից Պաղտասար Դպիրը՝ Պոլսում, միմյանցից անկախ, միանգամայն տարբեր հանգամանքներուն իրագործում են լեզվաշինարարական նույն ծրագրերը: Պաղտասար Դպիրը ընթանում էր Մխիթար Սեբաստացու ճանապարհով: Նրանք ծավալում են նպատակակուռ պայքար՝ պաշտպանելու հայոց հնագույն լեզուն՝ ոսկեղենիկ գրաբարը լատինաբան դպրոցի աղճատումներից, վերականգնելու նրա դասական ավանդները, դյուրացնելու նրա ուսուցման եղանակները, պարզեցնելու դասագրքերը և, միաժամանակ, գրական լեզուն ժողովրդին մատչելի դարձնելու նպատակով, ասպարեզ բացելու նոր գրական հայերենի՝ աշխարհաբարի համար:

  1. Պաղտասար Դպիր, «Օրինակք բարևագրաց», Պոլիս (2-րդ տպագըր.), 1787, էջ 83-85: