Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/124

Այս էջը սրբագրված է

Գործդ այնպես բռնիր դու, որ բոլորը հավանեն,
Ուղիղ ճամփից չշեղվես, որ քեզ անխելք չանկանեն:

Խոսելիս ու վիճելիս, եղիր խաղաղ ու հանդարտ,
Բարկացողը վայրենի անասուն է և ոչ մարդ:

Բարկանալ ու զայրանալ կամ լուռ հուզվելը անգամ
Միևնույնն է թե պայթել կամ փրփրել, բարեկամ:

Ով սկսի բարկանալ, խելքն ու միտքը կցրվի,
Տեսնվա՞ծ է երբևէ, որ գիժ կովից կաթ կթվի:

Լավ նայիր դու երեսին, տես վիճակը այս մարդու,
Չունի ոչինչ մարդկային, գազան է մի ահարկու:

Գլխիվայր է շուռ տված ձայնն ու խոսքը, աչքն ու դեմք
Թէ մի մասնիկ խելք ուներ՝ այն էլ կորել է արդեն:

Խոսել, ասել չգիտի, մռնչում է, գոռգոռում,
Հաչում է ճիշտ շան նման, էշի նման զռզռում:

Հարբածներին դու նայիր՝ ընկած մարդու շնորհքից,
Արդարը նա՛ է միայն, ով չվել է աշխարհքից:

Այդպես գինով ու հարբած, տես ինչեր են երազում,
Հանդերձյալն էլ հիշելիս՝ դրախտ գնալ են ուզում:

Նա, ով կտրել կարենա իր կապերն այս աշխարհից,
Լոկ նա կարող է փրկել իր օձիքը վշտերից:

Ազատություն մի տուր դու բամբասասեր քո լեզվին,
Որ անէծքը այս մարդկանց չծանրանա քո վզին: