Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/13

Այս էջը սրբագրված է

բացականչում է բանաստեղծը: Պաղտասար Դպիրը դատապարտում է ուժի իշխանութիւնը, «դրամ բռնաւորի ծնունդը»: Նա ցավով է անդրադառնում «Նեղեալ տառապեալ իր տոհմի», աստանդական հայի դառն վիճակին և իբրև ելք, միջոց՝ ազգի հավաքականության, միաբանության, գերադարձության («Ի մէջ հայրենիս անդրէն ժողովելու») պատգամը հղում: Այս առումով շատ ուշագրավ է նրա քնարերգության զարդը՝ «Ի նընջմանէդ արքայական» այլաբանական բանաստեղծությունը: Դա սիրո երգ չէ, ինչպես սխալմամբ կարծել են ոմանք: Բանաստեղծը ողբում է հայոց պետականության կորուստը, աղերսում է հայրենիքին արթնանալ «արքայական» քնից, ազատագրվել օտարի լծից, հեռու վանել «տապն ու խորշակը»: Նրա ժամանակակից բանաստեղծ Պետրոս Ղափանցին, դեռևս, այդպես է ընկալել այդ երգը: Իր խոհա-խրատական, կրոնա-փիլիսոփայական երգերում (որոնք զգալի թիվ են կազմում) Պաղտասար Դպիրը բարձրացնում է մարդու՝ բանական գոյի ներդաշնակության, կատարելագործման խնդիրը, ներկայացնում է հոգու և մարմնի, չարի ու բարու բախումները, ներքին մենամարտը, մարդու մտքի, գաղափարի և անձնական կրքերի, անմաքուր բարքերի միջև խորացող հակամարտությունները: Այս երգում ակներև է Դավիթ Անհաղթի և Գրիգոր Նարեկացու գեղագիտական, փիլիսոփայական հայացքների ազդեցությունը: Նա գրել է Դավիթ Անհաղթի «Չարը ոչ է անեղ» հատվածի («Սահմանք»-ից) չափածո մեկնությունը:

Արվեստի և բովանդակության կատարելության առումով Պաղտասար Դպիրի քնարերգության առավել ընտիր բաժինը կազմում են նրա սիրո երգերը: Իր «Տաղիկներ սի-