Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/15

Այս էջը սրբագրված է

Երգչի հոգում սերը անմար է մնացել մինչև կյանքի վերջը:


Իր «Սիրամարգիդ սիրովն եղէ սիրահար, սիրահար, սիրահար» սկսվածքով երգը նա գրել է յոթանասունն անց հասակում: Ձեռագրական նոր փաստեր կան նաև այն մասին, որ նա մահվան մահճում է գրել «Ելի ի լուսեղէն վայրէն», «Աւա՜ղ անձին, թե այս որքա՞ն խելագարեցայ», «Մեղօք մեռեալ, մտօք գերեալ», «Թէ ուժ ոմնիս զէտ Ռըստամ և Շահրապն» սկզբնատողերով բանաստեղծությունները, որոնք ցայսօր հայտնի չէին բանաստեղծներին: «Բանք խրատականք,— հայտնում են գրիչները,— յայնոսիկ յաւուրս ի մահճի ասացեալ ի Պաղտասար գիտնաւոր Դպրէ»: «Բայց այժմ կամ եղև ինձ մեծապատիւ, գրել աստ զհամեղ տաղս պատուելի Պաղտասար Դպրէ, որ գրեալ է վասն ի մահճիս հիւանդագին, յորմէ ոչ եղև հնար զերծանիլ...»[1]:


Սակայն Պաղտասար Դպիրի ողբը նաև նարեկացիական նստվածք ունի: Նրա մի շարք բանաստեղծությունների վրա նկատվում է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ընդհանուր և երբեմն էլ շատ որոշակի ազդեցությունը: Նարեկացիագետ քնարերգակը, «Մատեանի» 1726 թվականի քննական, աղբյուրագիտական հրատարակության հմուտ սրբագրիչը (սրբագրությունը այն ժամանակ շատ լայն հասկացողություն էր) չէր կարող խուսափել նրա արվեստի հզոր կախարդանքից: «Մատեանի» հենց այդ հրատարակության առաջաբանը, որ կրում է «Նախերգաբար առ ջերմեռանդ ընթերցօղսդ» խորագիրը, ավարտվում է Պաղտասար Դպիրի ցարդ անծանոթ մի բանաստեղծությամբ: Եր—

  1. Ն. Պողարյան, Մայր ցուցակ ձեռագրից սրբոց Յակոբեանց, Երուսաղեմ, 1968, էջ 139, 313: