Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/16

Այս էջը սրբագրված է

գիչը երկնային թագավորից ուժ ու կարողություն է աղերսում հաջող ավարտի հասցնելու Գրիգոր Նարեկացու «Յառաչանաց մատեան»-ի տպագրությունը: Մի որոշակի իմացական գիծ Է անցնում հին աշխարհի, հայոց վաղ միջնադարի ճշմարիտ փիլիսոփայության և սուրբ հայրենի ուսմունքից դեպի հայոց վերածննդի բանաստեղծությունը, ի դեմս Գրիգոր Նարեկացու, և ապա այդ նույնը վերաժառանգում է հայոց 18-րդ դարի վերանորոգվող բանաստեղծությունը՝ ի դեմս Պաղտասար Դպիրի և այլոց: Երգչի խոհախրատական, կենսափիլիսոփայական, կրոնական, կրոնաազգային բանաստեղծություններում, ներբողներուս և ողբերում նույն երկինքն է, նույն սրբերն ու մարգարէները, Մարիամը, Քրիստոսը, ամենակարող աստված. և իբրև հակադրություն այդ բոլորին՝ ժամանակակից անարդարություններով լի կյանքը ու նրա կենտրոնում կանգնած մարդը՝ 18-րդ դարի ուղեկորույս բանական գոյը՝ իր ողբերգությամբ, իր հոգու ցավատանջ գալարումներով:

Սակայն Նարեկացին Է այն հանճարեղ քնարերգակը, որ հենց բանաստեղծության մեջ տեսականորեն հիմնավորում Է ողբը իբրև համամարդկային հույզի, հայի հոգեկան ցավերի, ինքնախարազանման, բուժման միջոց, մարդու սխալների, մեղքերի, խոստովանության, քավության, վերափոխութեան, ապաքինութեան զորեղ զենք: Ողբով կարելի Է մաքրել, դուրս թափել հոգում կուտակված մաղձը, հանգստանալ, չափի մեջ դնել իմացական և զգացական հատկությունները: Պաղտասար Դպիրի վերոհիշյալ՝ ոչ սիրային երգերը ողբերգական ներքին նույն ձայնը, իմաստը ունեն, նույն հույզերով, նույն տրամադրությամբ են համակամ ընթերցողին: