Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/164

Այս էջը հաստատված է

5

Առ

Պ․ Տ․ Ադամյան

Սգավո՛ր։

Մի՛ թաղեր այդ անհուն հառաչը՝ սրտի այդ փոթորիկը թո՛ղ դուրս ժայթքի․․․։ Դու ինձ հիշեցուցեր էիր, որ իր հողակույտին վրա) փունջ մը ծաղիկ սփռեմ․ ե՛ս դժոխք մը անեծք Աստուծո անվանը վրա թափեցի, ավելի աղեկ չըրի՞․ ծաղիկը կը թոռմի, սակայն անեծքս Աստուծու կողը խրեցա՛վ:

Ա՛հ, կը սիրե զինքը, կը սիրեինք․ իր հիշատակին վառարանն եմ, իր կսկիծին օվկեանն եմ, իր սուգին վիհն եմ, գերեզմանն եմ... Իր գերեզմանին վրա ծաղիկ սփռեմ մի՜, ոչ․ ծաղիկը պաղ և անզգա է, հոգիես քամված արցունքը տաք, զայն կը թափեմ, ափերով կը թափեմ․․․։ Աչերը կսկիծի մեջ արցունքի օվկեաններ են, անոնք որ հաճույքի մեջ աստղեր են։

Զինքը պաղ հողով պատեցին, մենք իր հիշատակը տաք հառաչներու մեջ պլլե՜նք, պահե՛նք, վառ պահե՛նք, միշտ պահե՛նք․․․։

Կանիծես աշխարհը, բարեկամ, արդեն ինքն անիծյալ է։ Աշխարհ կամ Աստուծո ձանձրույթի մեկ հառաչն ըլլալու է (քաոսը բնակած ատեն), կամ դժոխոց մեկ անհամ կատակը․․․