Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/192

Այս էջը հաստատված է

մեջ երկնից բուրումը կզգան. այն երջանիկներեն էր, որոնք մաքուր և կարճ կյանք մը կը շնչեն։

Այս զգածյալ բազմության մեջ շատ քիչեր կան, որ անոր սիրտը և հանճարը կը ճանչեն։

Հոս միայն մեկ ողբալիք կետ մ’ունինք. Վարդան գաղափարի հեղափոխական մ’ըլլալու տրամադրյալ էր, երբ լուսո շենքը ձեռքն առավ, երբ ձեռքը թարմ և հանճարեղ ճակտին տարավ, մահը պաղ քրտամբք զայն ողողեց։ Ահա այս է ցավալին։

Սակայն կ’ուզե՞ք որ այժմ իր հոգին չը խռովի. իր կրակն ու հիշատակը Ձեզ կը թողու, դուք որ իր բարեկամներն եք, հառաջ տարեք իր սկսած գործը եթե զինքը կը սիրեք։

Սակայն այս սգալի հանդիսին մեջ բան մը զիս կը զարմացնե. ցավելով կը տեսնեմ որ մեռելաթաղներ բրիչ ի ձեռին անհամ բեր կսպասեն որ սիրելվույն սև փոսը վայրկյան մ’առաջ գոցեն. անոնք կը կարծեն որ այն մարդոցմեն մեկը կը թաղեն, որոնց գերեզմանը անդունդ մ’է, որոնք իրենց հիշատակին վրա կը մեռնին։ Ըսեք իրենց, դուք որ Վարդանը կը ճանչեք, ըսեք որ ասի այն մարդոցմեն չէ, ասի լուսո զինվոր մ’է և չը թաղվին որչափ որ ցուրտ հող թափեն իր դիակին վրա․ ասի տասնեիններորդ դարու ազգի մը և լուսո ճառագայթներեն մին է:

Միթե կը թաղվի՞ ճառագայթը։

Մանավանդ ինչո՞ւ այս գերեզմանը, մինչդեռ իր բարեկամաց ջերմ սրտերը բաց են զինքը հյուրընկալելու.

Գոցվե, դու սև գերեզման,

Վարդան մերն է հավիտյան։

Պ․ Դուրյան