Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/211

Այս էջը հաստատված է

Ըստ Բաբկեն Կյուլեսերյանի, Ե. Դուրյանը, երb Երուսաղեմի պատրիարք էր, մտադրվել է «իր հսկողության ներքև» հրատարակել եղբոր գործերը, բայց վերահաս մահը խանգարել է («Սիոն», 1930, թիվ 4—5, էջ 150)։

Ցարդ լույս տեսած Դուրյանի բոլոր ժողովածուների հիմքում, բացառությամբ Ա. Գալայճյանի հրատարակության, ընկած է էքսերճյանի քննական հրատարակությունը (միայն 1908-ին Կ. Պոլսում տպագրված «Երգեր և տաղեր»-ը հիմնականում ընդգրկել են 1893-ի հրատարակությունից դուրս թողնված քերթվածները, որոնք նույնությամբ քաղված էին 1872-ի ժողովածուից։ 1926-ին Բեյրութում լույս ընծայված «Քերթվածներ»-ում տեղ են գտել 1872 և 1893 թվականների ժողովածուների բոլոր տաղերը, բայց հիմք է ծառայել 1872-ի աղավաղված հրատարակությունը)։ ժամանակագրական սկզբունքը հիմնականում պահպանված է «Տաղեր»-ի երևանյան հրատարակություններում, որոնք օժտված են նաև հակիրճ ծանոթագրություններով։ Այդպիսի ծանոթություններ ունեն վենետիկյան ժողովածուները, իսկ 1947-ի «Երկեր»-ում տրված են տեքստային բացատրություններ։

Մինչև օրս Պ. Դուրյանի հայտնի ժողովածուների թիվը հասնում է 22-ի։ Սակայն տպագրվել է մի ժողովածու ևս, որի մասին տեղեկություն է տալիս միայն Հրաչյա Աճառյանը։ Շուշիում պաշտոնավարած ժամանակ (1902—1903), նա ուսուցիչ Ավետիս Տեր-Հարությունյանի հետ կազմել է Դուրյանի տաղերի ժողովածուն։ «Առաջաբանը գրեց նա,— պատմում է Հր. Աճառյանը,— կենսագրությունը գրեցի ես, տաղերի վերջը դրինք բառարան, որտեղ ես հավաքեցի և մեկնեցի դժվար հասկանալի բառերը։ Գրքույկը տպվեց բողոքական Մահտեսի Բաբայանի տպարանում։ Պայմանավորված էինք, որ յուրաքանչյուրս ստանայինք իբրև վարձատրություն 100 օրինակ։ Շաբաթ երեկո էր։ Ավետիսը ստացավ իր 100 օրինակը։ Հաջորդ գիշերը տպարանում հրդեհ եղավ և ամբողջ դիրքը այրվեց: Ես ոչինչ չստացա։ Ավետիսը ավելի ուշ գնաց Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցը։ Այդտեղ էլ վաճառեց իր 100 օրինակը։ Ես մի օրինակ գնեցի մեկից 10 կոպեկով և ուղարկեցի Վիեննայի Մխիթարյանց գրադարանը։ Այսպիսով ամբողջ գիրքն անհետացավ և մնաց միայն մի օրինակ Վիեննայում։ Ես էլ չունեմ» (Հր. Աճառյան, Կյանքիս հուշերից, էջ 265)։

Մինչև այժմ լուլս տեսած ժողովածուներն են.