Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/220

Այս էջը հաստատված է

իր տաղերուն վրա, երբ զանոնք առաջին տետրե մը ընդօրինակած է երկրորդ տետրի մը մեջ, ուր իր տաղերուն տված է վերջնական ձև մը» («Դուրյանի կյանքը...», էջ 45)։ Սրանք հիմնական նշումներն (հն) են։ Բայց կան և առանձին նշումներ (ան), որոնց մասին Մ. Միհրդատյանցը 1892-ի նոյեմբերի. 20֊ի նամակում Ա. Չոպանյանին գրել է. «Ապահով եղիր, դուրսը բնավ սրբագրություն չը մնար, միայն թե բան մը խորհեցա, երբեմն ձեռքովդ օրինակած և ինձ նվիրած Դուրյանի տաղերը բաղդատեցի բուն ձեռագրին հետ և սրբագրեցի բնականաբար, իմ նշանակած սխալներեն զատ, ուրիշ անհամաձայնություններ ալ գտա, արդյունք գրաշարներու տգիտության կամ անգետ կերպով կատարված հոռի սրբագրություններու։ Այդ խարդախյալ, երբեմն ալ անիմաստ տողերեն, խաբվելե և նեղվելե ազատելու համար քեզ, պետք տեսա կտոր մը թուղթի վրա նշանակել զանոնք» (ԲԵՀ, 1968, №1, Էջ 152)։

Միհրդատյանցի հիմնական նշումները կատարված են քառածալ մի թղթի վրա, որի մի էջին գրված է. «Բ տետրակին մեջի ոտանավորներն իրենց կարգավ» և տրված է տաղերի ցանկը։ Մյուս էջերում կարմիր թանաքով գրված են Դուրյանի բանաստեղծությունների առանձին տողերը, կապույտով ցույց են տրված հեղինակային սրբագրումները, իսկ սևով՝ Ֆելեկյանի աղավաղումները («Սև մելանով ստորագծյալ բառերը կամ գրերը Ֆելեկյանի կողմե ավերված են ըսել է»)։ Այդտեղ ևս հաստատվում Է. «Այս գրածներես դուրս սրբագրություն չը կա ոչ առաջին տետրակին մեջ, ոչ առաջինեն երկրորդին անցած ժամանակ և ոչ ալ երկրորդին մեջ» (ԱՉՖ, ՄՄՀՆ)։ Առանձին նշումներն արված են տետրի սովորական թղթի երկու էջերին, կարմիր, կապույտ և սև թանաքով՝ նույն սկզբունքով, ինչ հիմնական նշումները։ Դուրյանին նվիրված իր ուսումնասիրությունը վերամշակելիս Չոպանյանը լայնորեն ներկայացրել է Միհրդատյանցի դիտողությունները:

Արդեն տեսանք, որ Ե. Դուրյանն իր բերած ցանկը կազմել էր բանաստեղծի «վերջին ձեռագրին» հիման վրա։ Բայց Մ. Միհրդատյանցը ևս նշում է, որ իր բերած ցանկը երկրորդ տետրակինն է։ Ուրեմն դրանք պետք է լինեն միևնույն (երկրորդ) տետրակի ցանկը։ Սակայն համեմատությունը պարզում է, որ Միհրդատյանցի ցանկում մտել է 34 տաղ. չեն հիշվում «Իմ հանգիստը», «Իմ մահը» և «Ի՜նչ կրսեն» գործերը։

Ցանկի վերջում Միհրդատյանցն ավելացրել է. «Ասոնցմե վերջը կուգան