Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/117

Այս էջը հաստատված է

ՎԱՂԵՆԱԿ.– Խեղճ աղջիկ... Բայց դու ի՞նչպես ազատեցար այն բյուրավոր սրերեն։


ՎԱՐԴԱՆՈՒՅՇ.– Վահրամ ազատեց զիս և ավա՜ղ որ ինքն ալ վիրավորվելով մեռավ զիս օրհնելով...

ՆԱԶԵՆԻԿ.– Մեռա՜վ... Խե՜ղճ Վահրամ...

ՎԱՂԵՆԱԿ.– Եվ դեռ ցավ քաշելու համար երկինք շնորհեր են քու կյանքդ։

ՎԱՐԴԱՆՈՒՅՇ.– Հայր իմ, ինչո՞ւ դեմքդ կը սառի... ինչո՞ւ ձայնդ կը մարի։

ՆԱԶԵՆԻԿ.– Վաղենա՜կ...

ՎԱՂԵՆԱԿ.– Ահա մահը սառած ձեռքերը կուրծքիս վրա կը դնե... մնաք... բարյա՜վ... (զառանցելով) Ո՞վ է այս տխուր ծերունին, որ դեմս արձանացեր է... ձեռքերը շղթայակապ... գլուխը փշապսակ... սիրտը վիրալից... և իր դեմքին խորշոմներուն մեջեն արտասվաց հեղեղներ կը թավալին... ծունր չոքեց... թևերը բացավ... զիս իր գիրկը կը կանչե... Հայաստանս է... ո՜հ, Հայաստանս է... (նետվելով կիյնա կը մեռնի):

ԵՐԿՈՒՔԸ.– (սոսկմամբ) Ա՜հ...

ՆԱԶԵՆԻԿ.– Մեռա՜վ...

ՎԱՐԴԱՆՈՒՅՇ.– Ուրեմն ի՞նչ ընենք, մայր իմ...

ՆԱԶԵՆԻԿ.– Մենք ալ մեռնինք... (զայն կը գրկե):

ՎԱՐԴԱՆՈՒՅՇ.– Այս ի՞նչ ոտքի ձայներ են... Թաթարնե՜րն, մա՛յր իմ, փախչինք...