ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— (ուրախությունը ծածկել ուզելով) Կերթա՞ք, տյարք իմ։
ՍՄԲԱՏ.— Այո՛, օրիորդ, շատ շնորհակալ ենք, հոգնություննիս բավական փարատեցինք։
ԱՐՏԱՇԻՐ.— Մնաս բարով, օրիորդ... (երթալու ատենը Շահանդուխտի վրա չարաշուք նայվածք մը կը ձգե):
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— (սարսռելով) Ո՜հ, Աստված իմ... (կը մեկնին):
Տեսիլ Դ
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ, (հետո) ՍՈԻՐՄԱԿ
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— (առանձին) Որչա՜փ սոսկացի, տե՛ր Աստված... Ասոնք մարդակերպ հրեշներ էին, աչքերնին դժոխոց բոցերուն պես կը փալփլեին, նախազգացում մը ինձ մռմռաց, թե ասոնք դահիճներ էին... Հայրս գնաց` այս մարդիկը եկան, ասոնք գացին` հայրս չի պիտի գա... (պատկերին առջև ծնրադրելով բազկատարած) Ո՜վ Խաչ, քու թևերուդ տակ պահպանե իմ ծերունի հայրիկս ալ։
ՍՈՒՐՄԱԿ.— (ներս մտնելով, մեկուսի) Կաղոթե...
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— (ոտնաձայնը առնելով և խաչը համբուրելու երթալով) Բարի եկար, տեր հայր։
ՍՈՒՐՄԱԿ.— Բարի տեսանք, աղջիկս... Կաղոթեի՞ր...
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Գրեթե, տեր հայր... Հայրս դուրս ելավ, իրեն համար կաղոթեի։
ՍՈՒՐՄԱԿ.— (նստելով) Տեսնենք այսօր ի՞նչ մեղք գործեցիր, Շահանդուխտ։