Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/215

Այս էջը հաստատված է

ծաղիկներն ալ, նախ անոնք մեր շուրթներուն վրա թոռմին, հետո մեր նայվածքները անոնց վրա... Օր մը անշուշտ միատեղ պիտի մեռնինք... Դու առաջ ամոթահար էիր, հիմա ալ` վշտահար... Դեռ չեմ տեսեր ժպիտդ, Շահանդուխտ։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Ես չեմ կրնար ժպտիլ մինչդեռ կը սիրեմ, Հրաչյա... Ես մեռնելու համար կը սիրեմ, կը մեռնիմ սիրելու համար. սիրո մեջ կյանքը մահ է, իսկ մահը` անմահություն. մենք չունինք պալատ, ոսկի, ծառա, այլ հովեն տատանող խարխուլ տնակի մը մեջ կը սիրենք. եթե սա բլրակին վրա, սա ծառին հովանիին տակ, լուսնի շաղին մեջ իրարու քով վախկոտ նստած տեսնե մեզ ազնվականը, և երբ մեր շառագույն ճակատը մեզ մատնե, թե զիրար կը սիրենք, կը խնդա մեր վրա այն անսիրտը... Աղքատը սիրտ կունենա... Ո՞վ շուքի մը շունչ և հիշատակ պիտի տա... Հրաչյա, եթե չըսեիր առաջին օրը, թե պարզ զինվոր մ'էիր, եթե իմ հորս բախտակիցը չըլլայիր` չէի կրնար զքեզ սիրել... Բայց ինչո՞ւ կարմրեցար...

ՀՐԱՉՅԱ.— Մեր վիճակին վրա կը կարմրիմ։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Իրավունք ունին, խեղճ զինվորներն իրենց արյամբը թագավորին և ազնվականաց երջանիկ ապագայն կը դնեն, բայց դարձյալ անոնցմե կը նախատվին, վասնզի ձայն չունին, վասնզի ցնցոտին մարդը անարգության կը դատապարտե... Աղքատն իր տնակին մեջ չոր և նեխոտ հացով կը գոհանա, իսկ հարուստին ապարանը նոր խորտիկներ կը հնարվին... Զինվորը պատերազմի փողին գոռումեն կը սարսռի, վասնզի իր