Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/327

Այս էջը հաստատված է

վտանգն իրեն կսպառնա, մինչդեռ ամեն մարդ քաղաքին փրկությանը համար ճիգ կը թափե, մանուկը պաշարող բանակին քար կը նետե, քահանայն կաղոթե, ծերը կը հսկե, կինն իր ամուսինը կամ եղբայրը կը քաջալերե, դու հանդուգն քայլ մը կը նետես այն սեմեն ներս՝ ուր մենակյաց վշտահար և քողարկյալ կին մը կը տքնի և…

ԱՊՐՍԱՄ.— (ընդմիջելով) Ա՛լ բավական է։


ԶԱՐՄՈՒՀԻ.— Գնա պարտքդ կատարելու, մի՛ թողուր որ սուրդ ժանգոտի և սրտիդ մեջ սպրդի դժոխային բոց մը. գնա հայրենիքդ պաշտպանելու, ջանա՛ որ հաղթական դափնիներով պսակյալ ճակատդ դժոխոց անդնդային սեմին չը խոնարհի, նայե՛ երկինքը, ուր աստղը կը փայլի, անբիծ ըրե սիրտդ այն աստղին պես. քույր մ՚ է որ քեզի կը խոսի… Օ՛ն, դո՛ւրս ել այս սեմեն, ուր սգո քողի մը տակ կը հեծե վշտահար կին մը, որուն սրտի մեջ հայրենյաց հույսն անգամ կը մարի, և դու աղետալի սիրո մը հետքը կը փնտռես ընդունայն և կը ջանաս զիս վատ մը ընել, սիրադրուժ մը...

ԱՊՐՍԱՄ.— Ա՛հ, ո՛չ, Զարմո՛ւհի… այլ ո՞վ պիտի մարե սըրտիս այս հուրը, որ միշտ կը լափե զիս։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Արցունքս, զոր ջերմաջերմ կը թափեմ դեռ իմ նշանածիս անհետ գերեզմանին վրա։

ԱՊՐՍԱՄ — Ա՜հ, այդ չէ՝ կարող։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Խիղճ չունի՜ս ուրեմն։

ԱՊՐՍԱՄ.— (ոտքն իյնալով) Միայն սեր կզգամ։

ԶԱՐՄՈՒՀԻ.- Ապրսա՜մ։

ԱՊՐՍԱՄ.-Զարմուհի՜։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Մեկը կուգա։