Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/332

Այս էջը հաստատված է

բարկությունը մեր վրա չը թափե. ի՜նչ հանդուգն փափաք, կուզեք որ Աստված կապե Հայուն վերքը, որ Հայր Հայուն կուտա։

ԶԱՐՄՈՒՀԻ.- Այնպես է։


ԲԱԳԱՐԱՏ.— Ուրեմն կը հուսահատի՞ս մեր կացությանը վրա։

Տ. ՎԱՀՐԱՄ.— Բնավ. հույսը գերեզմանին դռանը մեջ անգամ կը շողա... հույսը Աստուծո ժպիտն է... Կը գթա Աստված, երբ երկնքի համապատկերը կը տեսնե մարդուս վրա, որ արցունքներով շողացող պայծառ աչոք իրեն կը նայի հուսալից. վա՜յ մեզի, որ երբ մեր քաղքին մեջ մատնիչ մը կը շնչե և կը խոկա անդունդը նայող սև ժայռի մը պես։

ԲԱԳԱՐԱՏ.— Ի՞նչ ընելու է ուրեմն։

Տ. ՎԱՀՐԱՄ.-Պետք է հզորի մը պես ջանալ և խրախուսել տկարը... Ասով կրնանք թշնամյաց հանդուգն ջանքերուն դիմադրել. այս է մեր ընելիքը, եթե դեռ թշնամին հաղթանակե, Աստուծո կամքն է այն, գուցե ալ շատ շնչեց և փառավորեցավ երկրիս երեսը Հայը, և գերագույն կամքը կուզե որ սորա հսկա և փառավոր անունը թաղվի իր երկրին հոյակապ շենքերուն փլատակին ներքև, ինչպես ուրիշ ազդեր և երկիրներ փշրեցան այն Աստվածային կամաց անդիմադրելի փոթորկին առջև։

ԲԱԳԱՐԱՏ.- Ա՜հ, սոսկալի է այդ։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Ի՞նչ ահագին անդունդ մը պետք է Հայը թաղելու համար։

Տ. ՎԱՀՐԱՄ.— Աստուծո ափ մը հողը կր բավե, Զարմուհի։

ԲԱԳԱՐԱՏ.— Հայը դեռ շատ կանգուն կը կենար, եթե