գտնել․․․ և մեր ժողովուրդը բոլորովին անտերունջ և անգլուխ չը թողուլ ապագային․․․ Ի՞նչ կըսես, իշխան։
ԲԱԳԱՐԱՏ․ - Կընդունիմ այդ գաղափարը... բայց հնա՞րքը։
ԳՈՒՐԳԵՆ․- Քաղաքին միջնաբերդը քաշվինք, ասկե ուրիշ ազատության միջոց չի կա մեզի համար։
ԲԱԲԳԵՆ․- Բայց ժողովու՞րդը․․․ հուսահատ քաղաքացինե՞րը։
ԶԱՐՄՈՒՀԻ․- Ո՞վ պիտի խրախուսե այն խեղճերը, որոնց սիրտն արդեն դառնությամբ լի է։
ԳՈՒՐԳԵՆ․- Եթե դեռ ժողովուրդը մտածենք, որուն կորուստն անհրաժեշտ է, մենք մեր ազատությունը պիտի կորսըցնենք․․․ Ժողովուրդին ազատությունը մեր դյուցազնությանը կարոտ չէ, այլ պիտի խոնարհի նա անողորմ ճակատագրի մը առջև։
ԲԱԲԳԵՆ․- Ճշմարիտ է։
ԳՈՒՐԳԵՆ․- Բոլոր իշխաններն այսպես կուզեն։
ԲԱԳԱՐԱՏ․- Ի՞նչ ընենք, ա′ղջիկս։
ԶԱՐՄՈՒՀԻ.- Դու գիտես, հա՛յր իմ։
ԲԱԳԱՐԱՏ.- Միթե անխոհեմությո՞ւն մ՚է մեր ըրածը։
ԶԱՐՄՈՒՀԻ.- Քանի որ բոլոր իշխաններուն կամքն այդ է, և եթե դու անոնց խորհրդոցը չը համաձայնիս, անմիաբան պիտի ըլլաս, ընդունե ուրեմն իրենց կարծիքը։
ԲԱԲԳԵՆ․— Իսկ դո՞ւ։
ԶԱՐՄՈՒՀԻ․— Ես ալ կընդունիմ, վասնզի մինակ կարող չեմ բան մը ընել, և մանավանդ դառն ճշմարտությունը կտտեսնեմ։
ԳՈՒՐԳԵՆ.- Ուրեմն համաձայնեցանք մեր կարծյաց մեջ։
ԲԱԲԳԵՆ.- Այս է մեր փրկության միակ միջոցը։