Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/37

Այս էջը հաստատված է

ՊԱՐԵՏ.— Եվ դու մեռնիս և երջանիկ ըլլաս. ի՞նչ ընե հայրդ այն ատեն մինակ` աշխարհիս վրա, զո՞վ իբր սփոփանք` յուր գրկացը մեջ սեղմե. միայն զքեզ ունի, դու ես իր միակ զավակը. այն ատեն որո՞ւն գրկացը մեջ հանգչեցնե իր ալևոր ճակատը... համբերե՛ որդյա՛կ իմ, գուցե դեռ կապրի Շուշան, թերևս օր մը գա զքեզ գտնելու... և եթե զքեզ մեռած գտնե, այն ալ թշվառ պիտի ըլլա. համբերե՛, անշուշտ երկինք օր մը կը լսեն մեր աղաչանացը... բայց, որդյա՛կ իմ, եթե կը սիրես քու հայրդ, ջնջե՛ սրտեդ Շուշանա հիշատակը և պիտի տեսնես որ դու և ուրիշներն ալ երջանիկ պիտի ըլլան։

ՎԱՐԴ.— Ի՞նչպես...
ՊԱՐԵՏ.— Գուրգենա աղջիկը զքեզ կը սիրե և գիշեր ցորեկ քեզի համար կարտասվե եղեր, դու գիտես թե ինչ գեղեցիկ և պարկեշտ աղջիկ մ'է։
ՎԱՐԴ.— Կը ցնորի՞ս, հա՛յր իմ, ե՞ս ջնջեմ սրտես Շուշանա հիշատակը և ուրիշ մը սիրե՜մ... Եվ այն ատեն հովիտներն ու անտառներն լեզու պիտի ելնեն և «սիրադրուժ»
աղաղակելով նախատանաց փուշեր պիտի սփռեն ոտիցս ներքև... Այն լուսինը, որ մեր սիրույն վկայն եղավ, ամպերու ետև պահվըտած, ատելություն պիտի սնուցանե ինծի դեմ... Ո՜հ, ո՛չ, չեմ կրնար մոռնալ զինքը և իր սերը... Ինչո՞ւ արգիլեցիր զիս մեռնելե, հա՛յր իմ, այս վայրկենին գուցե մեր հոգիները զիրար կը գգվեին, գուցե Շուշանա գիրկն էի ես հիմա։
ՊԱՐԵՏ.— Եվ քու հա՛յրդ... Եվ այն ատեն քու ալևոր հորդ վշտահար սիրտը գերեզմանիդ ցրտասարսուռ քարին վրա