Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/383

Այս էջը հաստատված է

ՎԱՐԴՈՒՀԻ.- Գիտեմ, Եդուարդ, կը սիրես զիս, բայց այդ ցավերն ալ կրել՝ քեզ համար դառն և անհնարին է։


ԵԴՈԻԱՐԴ.- Իսկ դո՞ւ, քաղցր և հեք արարած։

ՎԱՐԴՈՒՀԻ.- Զիս մի մտածեր... ես կը համբերեմ...

ԵԴՈԻԱՐԴ.- Անհնար է որ ես բաժնվիմ քեզնե, Վարդուհի, բայց...

ՎԱՐԴՈՒՀԻ.- (ընդմիջելով) Քաշածնե՜րդ...

ԵԴՈԻԱՐԴ.- Մտիկ ըրե, Վա՛րդուհի...

ՎԱՐԴՈՒՀԻ.- Հիմա կը հասկընամ ստեպ ինձ «գեղեցիկ ես» ըսելուդ իմաստը. ըսել կուզեիր՝ թե գեղեցիկ ես, բայց աղքատ... անոր համար...

ԵԴՈԻԱՐԴ.- Վա՛րդուհի...

ՎԱՐԴՈՒՀԻ.- Տե՛ս, առաջ քույր կը կոչեիր զիս և հիմա ստեպ անունս կուտաս։

ԵԴՈԻԱՐԴ.- Հրե՜շտակս... (ձեռքը աչքերուն կը տանի և արցունքով կը թանա):

ՎԱՐԴՈՒՀԻ.- Շիտակ խոսե, Եդուարդ, ե՞րբ պիտի երթաս։

ԵԴՈԻԱՐԴ.- Ո՞ւր։

ՎԱՐԴՈՒՀԻ.- Ուր որ միտքդ դրած ես։

ԵԴՈԻԱՐԴ.- Ա՜հ, իմ հոգիս... միթե քեզնե բաժնվելե վերջը գերեզմանեն ուրիշ տեղ մ’ունի՞մ։

ՎԱՐԴՈՒՀԻ.- Գերեզմա՜ն։

ԵԴՈԻԱՐԴ.- Սոսկացի՛ր։

ՎԱՐԴՈՒՀԻ.- Շա՜տ մութ կը խոսիս, Եդուարդ։

ԵԴՈԻԱՐԴ.- Լավ... Վարդուհի, Լամարթինի սիրավէպ «Ռաֆայել»-ը կարդացեր ես4), այնպես չէ՞։

ՎԱՐԴՈՒՀԻ.-Այո՛...

— 383 —