Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/407

Այս էջը հաստատված է

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— (խոնարհությամբ) Ներում կը խնդրեմ ուրեմն… ժան` որ ողբերգակ դերասան մը ճանչցված է, ինձնե ավելի լավ կապեց այս կատակը. ներում կը խնդրեմ, օրիորդ Չիչիլ… հաղթվեցա…։


ՉԵՉԵԼ.— (գոռոզությամբ) Կը ներեմ, պարոն Ժաք։

Ա. ԴԵՐԱՍԱՆ(ձեռքերը շփելով) Բայց բավական ցուրտ կընե օդը:

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Ձմեռը կանուխ արթնցավ, ձեռքերնիս ծակ գրպաննիս խոթելու ստիպվելով` հազար ու մեկ դառն մտածումներ մտաց մեջ դիզելու համար… բայց կեցցեն կատակաբանությունները։

ՉԵՉԻԼ.— Իրավունք ունիս, ժա՛ք, (սույն միջոցին սպասավոր մը խորեն կանցնի, վառարան մը ձեռքը):

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— (զայն տեսնելով) Օհո՜, Միքե, ո՞ւր կը տանիս այդ վառարանը։

ՍՊԱՍԱՎՈՐ.— Պարոն տնօրենին սենյակը։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Մեզի տուր (կուզե առնել):

ՍՊԱՍԱՎՈՐ.— Բայց, պարոն...

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Տուր կըսեմ (կառնե). ուրիշ վառարան մը տար իրեն (սպասավորը շփոթած կը մեկնի). Պարոն տնօրենը շատ գոհ կըլլա եթե առանց վառարանի սենյակին մեջ ինքը մսի և մենք վառարանով մը ձայներնիս կտրենք քան թե մեր առկախ մնացած ամսականները պահանջելու համար գլուխն ուռեցնենք (վառարանը կը բերե, որուն բոլորտիքը շարվելով երեքը կը տաքնան):

ՉԵՉԻԼ.— Այդ մասին իրավունք չունիս պարոն տնօրենին դեմ բողոքելու, վասնզի թատրոնն արդեն հասույթ չունի դեռ։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.֊ Բարեսիրտ Չիչիլ իրավունք ունի։