Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/81

Այս էջը հաստատված է

ուրախություն մեկ վայրկյանի մը մեջ... Բայց երազ չըլլա տեսածս... վասնզի քու մահդ գուժեցին։

ՆՈՐԱՅՐ.— Ո՛չ, ո՛չ սիրեցյալ դուստրս, երկինք դարձյալ լուսեց իմ մահս և քու գիրկդ դարձուց զիս... Դեռ պիտի ապրինք։
ՎԱՂԵՆԱԿ.— Ի՞նչ պատահեցավ... (բարձր) Նազենի՜կ...
ՆՈՐԱՅՐ.— Դուստր իմ, ո՞վ է այդ կույր զինվորը։
ՆԱԶԵՆԻԿ.— Չե՞ս ճանչնար... Ամուսինս է, հայր իմ։
ՆՈՐԱՅՐ.— Ո՞վ երկինք (գրկելով) Վաղենա՜կ... դեռ կը զարնե բազուկդ, որուն կրթնեցավ Հայը, ո՜վ արի դյուցազն, դեռ կզգամ բազուկը սրտիս վրա, որ թշնամյաց
գլխուն անհուն հարվածներ թոթափեց։
ՎԱՂԵՆԱԿ.— Ո՜հ, դո՞ւ ես, դյուցազն հայր, ես ալ կը համբուրեմ այն բազուկը, որն որ ծերության մեջ չը դողդոջեց սրույս տակ... Բայց չեմ տեսներ...
ՆՈՐԱՅՐ.— Ալևոր Հայաստանի օրհնությունը լսե։
ՆԱԶԵՆԻԿ.— Ի՞նչ տարօրինակ դեպք, հայր իմ, երկուքնիդ մեկ օր հեռացաք հոսկե և երկուքնիդ մեկտեղ դարձյալ եկաք գիրկս...
ՆՈՐԱՅՐ.— Նազենիկ, ո՞վ է այս մանկիկը։
ՆԱԶԵՆԻԿ.— Աղջիկս է...
ՆՈՐԱՅՐ.— Աղջի՜կդ... Եկո՜ւր զքեզ ալ գրկեմ չվառ զավակ. դու որ մանկությանդ ատեն վշտահար մայր մը ունեցար, անմեղ հրեշտակ, դու որ վիշտ քաշելու համար երկինքը
թողուցիր աշխարհ եկար... դու որ արտասվաթուրմ վարդ մը փթթեցար աշխարհիս վրա... Երկինք սև ամպերով իր ճառագայթները քեզնե ծածկեց։ Վաղենա՛կ, ահա՛ քու
աչերուդ լույսը, ահա՛ քու դագաղիդ վարդը... Ալ թող