Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/147

Այս էջը հաստատված է

«Արձագանքի մեք տպված Հասան-Ջալալյանների տոհմագրությունը ոչ մեր հեղինակությունն է և ոչ մեր ստորադրությունն է կրում յուր ներքո: Այլ այդ տոհմագրությունը կազմել է հանգուցյալ, Բաղդասար Միտրոպոլիտը և տպված է նրա անունով: Եթե սխայներ կան, նրա սխալներն են, և, ոչ թե մերը: Ուրեմն, պարոնի ուղղակի մեր հասցեին դիմելը՝ խորին անուշադրություն պետք է համարել:

Բայց ինչ որ հետաքրքիր է պարոնի ճյուղագրության մեջ, այդ այն է, որ Հասան-Ջալալ մեծը և Մուղալ Խաչենու իշխանը (երկուսն էլ տղամարդ) ծնում են Աթաբեկ առաջինին (դարձյալ տղամարդ)։ Այդ, իրավ, շատ հետաքրքիր է, որովհետև, սկսյալ հայր Ադամից և մայր Եվայից տեսնված է, որ մի տղամարդ և մի կին միայն ընդունակ են ծնել երրորդ մարդուն։ Իսկ պարոնի ճյուղագրության հենց սկզբի տողերում՝ երկու տղամարդիկ, առանց կնոջ միջնորդության, ծնում են երրորդ տղամարդին։ Եթե պարոնը յուր մոտ ունեցած ավելի հավատարիմ տեղեկություններով» կարողացավ ապացուցանել այդքանը միայն, անտարակույս, մեծ գյուտ արած կլինի ոչ միայն Հասան֊Ջալալյանների տոհմագրության վերաբերությամբ, այլ ամբողջ մարդկային սեռի պատմության վերաբերությամբ։ Եվ մենք ազնիվ խոսք ենք տայիս պարոն Հարություն- բեկ Սարգիս֊բեկյան Հասան-Ջալալյանին, որ յուր նշանավոր գյուտը ապացուցանելուց հետո, նրա մյուս սխալները բոլորովին կներենք իրան։

ՊԱՐՈՆ Ղ. ԱՂԱՅԱՆՑԻ ՀԱՍՑԵԻՆ

Երբ լույս տեսավ «Կայծերի» առաջին հատորը, պ. Աղայանցը այն աստիճան հափշտակվեցավ, որ խորին ոգևորությամբ նվիրեց մեր աշխատությանը մի շատ երկար ներբողյան բանաստեղծություն։ Նրա մի օրինակը գտնվում է մեզ մոտ, իսկ մյուս օրինակը՝ «Աղբյուրի» խմբագրի մոտ։

Իսկ երբ լույս տեսավ «Կայծերի» երկրորդ հատորը, պ. Աղայանցը նրա գլխավոր հերոսներին կոչում է «իմաստակներ», «շառլատաններ» «խոզեր», «խաչագողներ» և այլն, և նրանց գործունեության մեջ օգտավետ կամ բարոյական ոչինչ չէ գտնում[1]։

  1. Տե՛ս Աղբյուր № №8—9, օգոստոս-սեպտեմբեր տետրակը