Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/153

Այս էջը հաստատված է

Դրանց համար հայի անցյալ, հայի պատմություն չկար: Դրանց համար չկար և հայի ապագա, Դրանք ծանոթ էին այն գյուղի հետ միայն, որի մեջ ծնված էին, և որի սահմաններից դուրս մի այլ կյանք չէին ճանաչում: Դրանց աշխարհահայեցողության թռիչքը իրանց գյուղի հորիզոնից ավելի հեռու չէր անցնում։ Եվ եթե պատահում էր, որ ոտքը դուրս էին դնում իրանց գյուղից, իսկույն մոլորվում էին և խրվում էին հիմարությունների մեջ:

Երկար ժամանակ վիպագրությունը նույն նեղ, միակողմանի շավղով ընթանալով, նույն շավղի վրա մնաց և քարացավ, առանց որևէ առաջադիմություն գործելու: Նա չկարողացավ նոր լեզու մշակել, որովհետև գրվում էր գեղջկական բարբառով: Նա չկարողացավ ընթերցանություն տարածել, որովհետև հասկանալի էր միայն այն շրջանին, որի բարբառով գրված էր։ Եվ այսպես իրանք հեղինակները իրանց աշխատությունները դատապարտեցին շուտափույթ մահվան և սկսեցին կատաղել, թե ինչու հաջողություն չգտան: Նրանց աշխատությունները մնացին գրականության համար իբրև լեզվագիտական ցամաք նյութ, իսկ գեղարվեստի համար իբրև շատ հասարակ արդյունք։

Ահա այս էր Աբովյանի ստեղծած շկոլան: Նրա ներկայացուցիչները մինչև այսօր ևս գոյություն ունեն, շարունակում են ապրել, ոչ նորոգվում են և ոչ փոխվում, այլ եգիպտական մումիաների նման պահպանում են մի տեսակ մեռած կենդանություն։

Մենք անունների հետ առայժմ գործ չունենք։ Մենք արդեն ձեռնարկել ենք կազմել հայոց վիպագրության պատմությունը սկսյալ Աբովյանից մինչև մեր ժամանակները։ Նույն աշխատության մեջ յուրաքանչյուրին երևան կհանենք յուր վաստակներով։

Մինչդեռ վիպագրությունը անդրկովկասյան հայերի մեջ այդ գրության մեջ էր, սարերի մյուս կողմում, հեռավոր Մոսկվայում, հրատարակվում էր «Հյուսիսափայլը»։ Կյանքից տարակած, օտար հողի վրա, շատ հասկանալի է, որ չէր կարող ստեղծվել բուն հայկական վիպագրություն։ Եվ դրանով պետք է բացատրել «Հյուսիսափայլի» ամլությունը, որ նա իր ամբողջ տևողության ընթացքում, բացի մի քանի աննշան պատկերներից, չտվեց ոչ մի հայոց վեպ, Նա բավականացավ թարգմանություններով միայն։

Բայց Նազարյանի շուրջը, հակառակ նրա ցանկության, ծնունդ առեց մի այլ տեսակի վիպագրություն։ Որովհետև հայոց