Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/161

Այս էջը հաստատված է

ՂԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(1600-1827)

ՆՅՈՒԹԵՐ ՀԱՅՈՑ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Իր հանգուցյալ հայր

ՄԵԼԻՔ-ՄԻՐԶԱ-ԲԵԿԻ անմոռանալի հիշատակին խորին երախտագիտությամբ նվիրում է որդին

նրա դասակակիցների պատմությունը

I


Հայաստանը իր անկման զանազան շրջաններում, կորցնելով իր գահը, ամեն անգամ թողել է իր ներկայացուցիչներին, որպես դեռ չմարած կայծեր պահպանված նախկին փառքի մոխիրի մեջ։ Հայկազանց թագավորող տունը վերջանալուց հետո, թողեց իր ետևից մի շարք իշխողներ, որ կոչվում էին կուսակալներ: Արշակունիք թողին մարզպաններին, կյուրապաղատներին, պատրիկներին և ոստիկաններին: Իսկ Բագրատունիները և Ռուբինյանները թողին զանազան, միմյանցից բաժանված, անկախ իշխանություններ։

Հիշյալ իշխանությունների ներկայացուցիչները ըստ մեծի մասին եղել են հայոց հին նախարարական տների ժառանգները։ Դրանք հայոց թագավորության մի շրջանի վերջանալուց հետո պահպանում էին նրա իշխանությունը մինչև մի նոր ստեղծվելը և այսպիսով, ծառայում էին որպես օղակներ, որոնք անխզելի կերպով պահպանում էին հայկական անկախության շարունակությունը, մինչև կործանված գահի կրկին վերականգնելը: Այդ իշխանությունները, թեև երբեմն օտարներից նշանակված և օտարների հարկատու են եղել, բայց երբեք չեն կորցրել իրանց ինքնավարության իրավունքները։

11 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ.X