Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/174

Այս էջը հաստատված է

Մենք համառոտ կերպով ցույց տվեցինք Ղարաբաղի գավառների — Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Տիզակ — տիրապետող մելիքների ծագումը։ Տեսանք, որ այդ մելիքական տներից միայն Խաչենի իշխողները բնիկներ են եղել, իսկ մյուս բոլորը օտար երկրներից գաղթականներ, որոնք համարյա միօրինակ պատմական հանգամանքներից ստիպված, ապաստան են գտել Ղարաբաղի անտառների և անմատչելի լեռների մեջ և հիմնել են իրանց հզոր իշխանությունը։ Այժմ դառնանք դեպի այդ մելիքների ապագա գործունեությունը, որոնք նշանավոր տեղ են բռնում մեր նոր պատմության մեջ։

III

Տասնութերորդ դարու սկզբներում Պարսկաստանում պատահեցան նշանավոր փոփոխություններ, որոնք Ղարաբաղի մելիքների դրության վրա ոչ սակավ ազդեցություն ունեցան։ Շահ-Սուլթան- Հուսեինի թույլ կառավարությունը ամեն կողմից հրավիրեց Պարսկաստանի վրա նրա թշնամիներին։ Ավղանները ապստամբվեցան Ղանդահարի Միր֊ Մահմուդ֊խանը, արշավանք գործելով, տիրեց պարսից մայրաքաղաքը` Սպահանը, և շահին գահընկեց անելով ինքը թագավոր դարձավ (1722)։ Կովկասյան լեռնաբնակները, Դաղստանի Ալի-սոլթանի և Սուրխեյ-խանի առաջնորդությամբ, հեղեղի նման թափվեցան, ավերակ դարձրին Վրաստանը և պարսկական այլ նահանգները մինչև Սևանա լիճը մինչև Երասխ գետը (1721 — 22—23)։ Միևնույն ժամանակներում, Պետրոս Մեծի կայսրության օրերում (1722—1723) ռուսները տիրեցին Կասպից ծովեզրյա պարսկական գավառները, որպես էին Դերբենդը, Բաքուն, Գիլանը, Մազանդարանը և Աստրապատը։ Հենց այդ միջոցներում (1722—1723) օսմանցիք, տեսնելով ռուսների իրենց սահմաններին մոտենալը և մանավանդ տեղյակ լինելով Պետրոս Մեծի աշխարհակալական ձգտումներին դեպի արևելք, գրավեցին իրանց սահմանակից բոլոր պարսկական նահանգները։ Երկու տարվա մեջ, մինը մյուսից հետո տիրեցին նրանք ամբողջ Ատրպատականը, Նախիջևանը, Երևանը, Թիֆլիսը, Գանձակը և այլ պարսկական երկրներ, մինչև հասան Ղարաբաղի մելիքների իշխանություններին։

Տեսնելով, որ քայքայված Պարսկաստանը բաժան֊բաժան է դառնում, Ղարաբաղի մելիքները ևս մտածեցին մի մեծ պատառ