Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/175

Այս էջը հաստատված է

իրան ձեռքը ձգելու: Մինչև այսօր մելիքները համարվում եին պարսից ավատական իշխաններ, իսկ այժմ կամենում էին բոլորովին թոթափել պարսկական լուծը և հայոց անկախ պետություն հիմնել: Իրանց դիտավորությունների մասին խորհելու և կարգադրութլուններ անելու համար, նրանք գաղտնի ժողովներ էին կազմում Գանձասարի վանքում, նույն ժամանակվա Եսայի կաթողիկոսի նախագահությամբ։

Այդ ժամանակներում Ղարաբաղի հինգ մելիքները հետևյալ անձինք էին.

1) Գյուլիստանում տիրում էր Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբով 2-ը։

2) Ջրաբերդում տիրում էր Մելիք֊Իսրայելյան Մելիք-Եսային:

3) Խաչենում տիրում էր Հասան-Ջալալյան Մելիք-Գրիգորը, հետո նրա եղբայր Մելիք֊ Ալլահվերդին։

4) Վարանդայում տիրում էր Մելիք֊Շահնազարյան Մելիք-Հուսեինը։

5) Տիզակում տիրում էր Ղուկաս վարդապետի որդի Մելիք-Եգանը (Ավանը):

IV

Ղարաբաղի մելիքների ձգտումները, իրանց հայրենիքում մի անկախ հայկական իշխանություն հիմնելու վերաբերությամբ, նոր մտածողություններ չէին։ Դեռ 1701 թվին նրանք ուղարկեցին Պետրոս Մեծի մոտ որպես պատգամավոր Իսրայել Օրի անունով հնդկաստանցի հային Մինաս վարդապետի և մի քանի այլ անձինքների հետ։ Նրանք ներկայացան կայսրին Սմոլենսկի մեջ։ Այդ դեսպանության նպատակն այն էր, որ նրանք համոզեին կայսրին ընդունելու հայերին իր պաշտպանության ներքո, և հայերը այն ժամանակ իրանց սեփական ուժերով կպատերազմեին պարսիկների հետ և կթոթափեին իրանցից մահմեդական լուծը և կընդունեին իրանց վրա ռուսաց քրիստոնյա պետության հովանավորությունը։ Իրանց հայրենիքի փրկության գործը առաջ տանելու համար, հայտնեց Օրին, հայերը արդեն պատրաստած ունեն Շամախու կողմերում 17 հազար զինվոր, Ղարաբաղում 60 հազար, իսկ Հայաստանի պարսկական 17 նահանգներից կարելի է հավաքել ավելի քան 100 հագար հոգի։ Եվ եթե կայսրի զորքերը այդ կողմերը կգան, հայերը հանձն են առնում իրանց ծախքով պահպանել նրանց: