Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/196

Այս էջը հաստատված է

Տիզակը պարսից սահմանի վրա լինելով, Երասխ գետի ափի մոտ, ենթարկված էր պարսիկների անընդհատ հարձակումներին։ Հայ իշխանը իր երկիրը նրանց արշավանքներից պահպանելու համար ստիպված էր անդադար պատերազմել նրանց հետ։

Մելիք֊Եսային առաջինն էր Ղարաբաղի մելիքների մեջ, որ հասկացավ կանոնավոր զորքի և ընդհանուր զինվորագրության անհրաժեշտությոUնը երկրի ապահովության համար. նա տուգանք նշանակեց գյուղացիների վրա, եթե նրանց զենքերից մեկը պակաս կլիներ, կամ եթե իրանց զենքերը չէին պահպանի անխանգար դրության մեջ։ Որոշյալ օրերում, երկրագործական պարապունքներից հետո, գյուղացի երիտասարդները զբաղվում էին զինվորական մարզություններով, նրանց վրա կարգված էին տասն ապետներ, հիսնապետներ, հարյուրապետներ կրթելու համար։ Նրա ժամանակում, գրում է մի վարդապետ, մեր երկրում այնպիսի ապահովություն էր տիրում, որ դեռահաս աղջիկները այգիների ծառերի տակ նստած, կար էին կարում, մնում էին այնտեղ, մինչև մութը պատում էր, հարսները զուգված, զարդարված դուրս էին գալիս տներից և աներկյուղ զբոսնում էին լեռների վրա, բոլորովին չմտածելով, թե թուրքը կամ պարսիկը կգա, կհափշտակի և կտանե նրանց։ Երբ թշնամին հայտնվում էր, երկրի երիտասարդները զենքը ձեռքում միշտ պատրաստ էին նրան հանդիպելու համար»:

Նադիր֊շահի մահից հետո Մելիք-Ավան-խանի տան բարեկամական հարաբերությունները պարսից արքունիքի հետ կտրվեցան։ Մելիք-Եսային տեսնելով Պարսկաստանում տիրող անիշխանությունը, խռովությունները և ներքին պատերազմները և մանավանդ ձանձրացած լինելով պարսից հարկահաններից, վճռեց միանգամայն չճանաչել նրանց և մերժել հարկապահանջներին։ Այդ առիթից օգուտ քաղեց Փանահ-խանը և Մելիք֊Եսայուն մատնեց Թավրիզում նստող Ադիլ-շահին։ Շահը հրամայեց Ղարադաղի[1] կառավարիչ Քազմ-խանին գնալ և պատժել Մելիք-Եսայուն։ Ղարադաղի խանը եկավ զորքերի մեծ բազմությամբ, ինքը Փանահ-խանը մի քանի հազար հոգով միացավ նրա հետ, պաշարեցին Մելիք-Եսայուն Տող բերդը։ Ով որ տեսել է Տողը, կարող է երևակայել, որ թշնամու զորքերի բազմությունը չէր կարող սարսափեցնել Մելիք-Եսայուն, երբ որ իր քաջ զինվորների փոխարեն առավելապես

  1. Պետք է ի նկատի ունենալ, որ Ղարադաղը (հին Փայտակարանի մի մասը) և Տիզակ գավառը սահմանակից են, բաժանվում են միայն Երասխ գետով