Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/229

Այս էջը հաստատված է

բարբարոս լեռնաբնակների հետ, որպեսզի նա ժամանակ չունենա հայերի հետ միանալու և իր դեմ գործելու:

Նրա դրդելով Օմար֊խանը կովկասյան լեռնաբնակների ահագին բազմությամբ հարձակվեցավ Վրաստանի վրա (1782)։ Նախ Բորչուլուն ավերակ դարձրեց, հետո մտավ Լոռու գավառը, պաշարեց Գյումուշ-խանա կոչված բերդը[1]: Այդ բերդում ամրացած էին այն հույները որոնք հանքերում աշխատում էին, այնտեղ ապաստանած և մերձակա հայոց գյուղերի բնակիչները։ Օմար-խանը գրավեց բերդը և բոլոր հույներին կոտորել տվեց, իսկ հայերից բազմաթիվ գերիներ վեր առեց։ Թեև Հերակը իշխանը բացի վրացիներից իր հետ 300 ռուսաց զինվորներ ունենալով, շտապեց Եմար֊խանի բարբարոսությունների առաջը առնել, բայց չհամարձակվեցավ մոտենալ նրան։ Օմար֊խանը կատաղի կերպով ամեն ինչ ավերակ դարձնելով, գերիների բազմությամբ անցավ Ախալցխա, որը այդ ժամանակ օսմանցիների ձեռքումն էր, և ձմեռ անցկացրեց տեղային կառավարիչ Սուլեյման֊փաշայի մոտ։ Այստեղից Օմարը իր զորքերը ուղարկեց վրաց Վախամու բերդի վրա: Այնտեղ ընտանիքով բնակվում էր իշխան Աբաշիձեն։ Օմարի զորքերը հիշյալ բերդը գրավեցին, բնակիչներին գերի վեր առին, որոնց թվումն էին Աբաշիձեի երկու աղջիկները, որոնցից մեկը Օմար իր համար պահեց, իսկ մյուսին ուղարկեց Իբրահիմ-խանին։

Գարնանը Օմարը թողեց Ախալցխան և Երևանի նահանգի միջով անցավ Ղարաբաղի կողմերը և այնտեղից գնաց իր երկիրը, տանելով իր հետ բազմաթիվ գերիներ և կողոպուտ։ Բայց Երևանի և Ղարարաղի բնակիչներին շատ վնասել չկարողացավ, որովհետև մինչև նրա հասնելը, բոլորը ամրացած էին անմատչելի տեղերում: Այսուամենայնիվ, լեռնային գազանի կատարած այդ փոթորկալից շրջանը Վրաստանի և Հայաստանի միջով մի ազգու ցույց էր, որով Իբրահիմ՝ խանը կամեցավ զգալ տալ քրիստոնյաներին հզորությունը։

XX

Ղարարաղի մելիքները սպասում էին 1784 թվի ամառին և գեներալ֊պորուչիկ Պոտյոմկինի զորքերին, որ նրա հետ

  1. Գտնվում է Հայաստանի և Սանահնի մոտ և տեղային հանքերի անունով կոչվում է Գյումուշ֊խանա, որ նշանակում է արծաթի տուն կամ արծաթի հանք։