Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/247

Այս էջը հաստատված է

իշխանների հետ, երկար այնտեղ մնալ չկարողացավ։ Հետո (1795) թողեց Բոլնիսը և Իբրահիմ-խանի հետ հաշտվելով, վերադարձավ Ղարարաղ, բնակվեցավ իր հայրենի երկրում, Գյուլիստանում։ Բայց հանգամանքները, որպես հետո կտեսնենք, կրկին ստիպեցին նրան թողնել հայրենիքը…

XXVI

1791 թվին վախճանվեցավ Մելիք֊Շահնազար II։ Ղարաբաղը ազատվեցավ իր կործանողից։ Բայց Խամսայի մելիքություններին հասցրած նրա աստիճան մահացու էր, որ այլևս ոչինչով բժշկել չի կարելի…

Մահվան անկողնում զղջաց նա, կամեցավ հաշտվել իր խղճի և աստծո հետ։ Եվ որպես այդ տեսակ մարդիկ միշտ կրոնական բարեպաշտության մեջ են որոնում իրանց մեղքերի թողությունը, նա ևս շրջապատեց իրան աբեղաներով, բաց արեց հարստահարությամբ մթերած ցորենի ամբարները և մի սովի ժամանակ ձրի կերակրեց ժողովրդին իր հացով։

Մելիք-Շահնազարը շատ հարուստ մարդ էր։ Նա մտածեց ավելի նշանավոր գործերով քավել իր նշանավոր հանցանքները: Ամարասա վանքը, որի մեջ ամփոփված էին Լուսավորչի թոռի` սուրբ Գրիգորիսի նշխարները, խիստ անշուք և կիսավեր դրության մեջ էր նրա ժամանակում։ Նա սկսեց այդ վանքի շինությունները վերանորոգել. շրջապատեց վանքը ամուր և բարձր պարիսպներով, աշտարակներով, միաբանության համար խուցեր, սենյակներ շինեց, վանքային տնտեսության համար ընդարձակ սեղանատուն, ամբարանոցներ և ախոռատուն հիմնեց, բոլորը սրբատաշ քարից, բոլորը մեծ և վայելուչ։ Բայց դեռ տաճարի կառուցմանը չձեռնարկած, մահը վրա հասավ, նրա բաղձանքը թողեց անկատար։ Հանգուցյալի արկղների մեջ գտան մի քանի քսակներ լիքը ոսկիներով, որ կտակել էր տաճարի շինվածքը ավարտելու համար։ Ժառանգները չկատարեցին կտակը։

Մելիք-Շահնազարը թողեց չորս որդի՝ Ջումշուդ, Հուսեին III, Ջհան-բախշ և Ջհանգիր։

Դեռ մեռնելուց առաջ նա կարգեց որդիների վրա հոգաբարձու իր բարեկամ Իբրահիմ֊խանին, հանձնելով նրան, որ ժառանգներից որին որ հարմար կհամարե, կարգե իր փոխարեն հաջորդ։