Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/271

Այս էջը հաստատված է

այդ բոլորը. և այդ էր պատճառը, որ մինչև Աղա-Մամադ-խանի կրկին վերադարձը, աշխատեցին Մելիք-Մեջլումին ոչնչացնելու:

Հերաթի և Ղանդահարի ապստամբությունները զսպելով, Աղա-Մամադ-խանը վայելում էր իր հաղթությունների փառքը իր նոր աթոռանիստ Թեհրան քաղաքում, երբ Գանձակի Ջավադ-խանից նամակ ստացավ Անդրկովկասում պատահած անցքերի մասին: Նամակագիրը տեղեկացնում էր նրան կոմս Զուբովի արշավանքների և խաների ռուսաց հպատակությունը ընդունելու մասին, հետո կոմս Զուբովի անակնկալ վերադարձի մասին դեպի Ռուսաստան, — տեղեկացնում էր Հերակլ Իշխանի միաբանության մասին Իբրահիմ-խանի հետ, և իր բերդի, Գանձակի, պաշարման մասին հիշյալ երկու դաշնակիցներից, և վերջապես Մելիք-Մեջլումի սպանման մասին, որը շատ սիրելի էր շահին:— Այդ բոլորը լսելով, Աղա-Մամադ-խանը 1797 թվի ամառը կատարեց մի նոր արշավանք դեպի Անդրկովկաս: Դեռ նա Երասխ գետից չէր անցած, Իբրահիմ-խանը տեսնելով, որ չէ կարող ընդիմադրել պարսից ահագին զորությունը, և մանավանդ հույս չունենալով, որ հայոց մելիքները այս անգամ ևս կօգնեն իրան Աղա-Մամադ-խանի դեմ, վեր առեց իր ընտանիքը, և գիշերով թողնելով Շուշի բերդը, փախավ Բալաքան իր աներ 0մար-խանի մոտ:

Այդ ժամանակ հայոց մելիքները նույնպես մեծ երկյուղի մեջ ընկան: Նրանք դեռ Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքի ժամանակ մերժել էին շահի հրավերքը, որով կոչում էր նրանց ընդունել Պարսկաստանի հովանավորությունը, խոստանալով ոչնչացնել Իբրահիմ-խանին և վերահաստատել Ղարաբաղում մելիքների վաղեմի իշխանությունը: Բայց մելիքները այնքան անխոհեմ գտնվեցան, որ բռնեցին Իբչահիմ-խանի կողմը, և որպես տեսանք XXIX գլխում, սկսեցին իրանց բոլոր ուժերով պաշտպանել նրան և Շուշի բերդը շահի ահագին զորությամ դեմ: Իսկ այժմ ի՞նչ պիտի անեին, երբ նույն շահը ավելի մեծ պատրաստությամբ հարձակվեցավ Ղարաբաղի վրա:

Մելիքների Զորքը իրանց ժողովուրդն էր, իսկ ժողովուրդը սկսել էր ցրիվ գալ, ոչ այնքան Աղա-Մամադ-խանի երկյուղից, որքան մի նոր և ավելի անգութ թշնամուց, որը այդ միջոցներում վրա հասավ:—Դա էր Ղարաբաղի սարսափելի սովը, որին հետևեց ժանտախտը: